Այրում գյուղի հատվածում սողանքից փլուզված M6 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Սողանքից 1,5 ամիս անց, NEWS.am-ի թղթակիցը վկա եղավ այդտեղ տիրող լռությանն ու անգործությանը։

«Դիակները հանեցին ու գնացին: Էլ ոչ մի աշխատանք չի կատարվել» -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղացիներից մեկը։ Պարզվեց, որ նա ականատես է եղել հոկտեմբերի 2-ի երեկոյան` ժամը 19.00-ի սահմաններում, տեղի ունեցած սողանքին, որը 5 մարդու կյանք խլեց։

Ըստ նրա, հողի հոսքը տեղի է ունեցել բավականին դանդաղ, եւ այդ է պատճառը որ վարորդների եւ ուղեւորների մեծ մասը հասցրել է հեռանալ մեքենաներից։ Մի երկուսը (մեկը՝ վրացի) նույնիսկ մագլցելով հայտնվել են փլված սարի գագաթին, այնուհետեւ, վայր իջնելուն պես ուժասպառ ուշաթափ են եղել։ Զրուցակցի կարծիքով, եթե փլուզումը արագ տեղի ունենար, զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ։

Ճանապարհի վերականգման վերաբերյալ զրուցակիցն ասաց, որ վերջերս Տավուշի մարզպետն այցելել է սողանքի վայր եւ խոստացել, որ վերանորոգումը կսկսվի նոյեմբերի 15-ին։ «Այս ճանապարհը բազմաթիվ տեղացիների ընտանիքներ էր կերակրում, որոնք այժմ մնացել են առանց եկամուտի» - ասաց մեկ ուրիշ տեղացի, ըստ երեւույթին ի նկատի ունենալով մերձճանապարհային առեւտուրը։

Այժմ փլուզված հատվածը կարելի է շրջանցել Այրում գյուղի միջով անցնող խճապատ ճանապարհով, որը սակայն անանցանելի է մեծ մեքենաների՝ ավտոբուսների եւ բեռնատարերի համար, եւ ունի սահմանափակ տեսանելիությամբ եւ կտրուկ ելեւեջներով ու պտույտներով հատվածներ։

Ավտոմայրուղու վերականգման հարցի վերաբերյալ Տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ Պետրոս Դեմիրճյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ստեղծված հանձնաժողովը բազմաթիվ նիստեր է հրավիրում, քննարկումներ կազմակերպում,  ուսումնասիրություններ են կատարվում, որպեսզի որոշեն` կառուցել նոր ճանապարհ, թե՞ վերանորոգել հինը: Նրա խոսքով` առայժմ հայտնի չէ, թե երբ հանձնաժողովը կորոշի այդ ճանապարհի ճակատագիրը: Դրանից հետո միայն մրցույթ կհայտարարվի եւ պարզ կլինի, թե որ կազմակերպությունն է վերանորոգելու ճանապարհը:

Իսկ մինչ այդ տրանսպորտի նախարարությունն առաջարկում է այլընտրանքային ճանապարհներ, որոնցով կարելի է երթեւեկել: Այսպես, համաձայն Տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության` սողանքային հատվածը շրջանցելու նպատակով ավտոտրանսպորտի երթեւեկությունը կազմակերպվում է հետեւյալ ուղղություններով. մարդատար եւ մինչեւ 5 տոննա թույլատրելի մաքսիմալ զանգվածով բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է երթեւեկել հետեւյալ  ուղիով`Վանաձոր-Ալավերդի-Այրում քաղաքի միջով-Վրաստանի սահման:

Վրաստանից եկող ավտոմեքենաների համար գործում է նույն ուղին: 5 տոննա թույլատրելի մաքսիմալ զանգվածը գերազանցող բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է երթեւեկել հետեւյալ  ուղիով` Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Այրում-Բագրատաշեն-Վրաստանի սահման, իսկ Վրաստանից եկող ավտոմեքենաների համար սահմանվում է հետեւյալ ուղին`Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան- Դիլիջան-Վանաձոր: Ինչ վերաբերում է Տավուշի մարզպետի հայտարարությանը, թե նոյեմբերի 15-ից կգան եւ կվերանորոգեն ճանապարհը, ապա Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ կազմակերպությունը, որը սպասարկում է այդ ճանապարհը, կարող է  ինչ-որ ժամանակավոր բան անել, որպեսզի այն անցանելի լինի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր էր, որից առավել վտանգավորը` 130 մետր, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր էր:

Սողանքի հետեւանքով մահացել էր 5 մարդ: