Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես, այլ փուլային տարբերակով․ իրադարձությունները զարգանում են հենց այս ուղղությամբ։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նման կանխատեսում է արել ամերիկյան հետախուզա-վերլուծական «Stratfor» (RANE) կենտրոնի Եվրասիայի հարվերլուծաբան Մեթյու Օրրը։
«Հասկանալի է, որ այն տարբերակը, որով Հայաստանն ամբողջությամբ կդառնա Արևմուտքի մաս, իրատեսական չէ, ուստի նախընտրելի է շատ հարթ, քայլ առ քայլ գործընթացը։ Ամեն դեպքում, Հայաստանը Ռուսաստանի հետ կպահպանի տնտեսական և այլ հարաբերություններ, ինչպես դա անում են Ադրբեջանն ու Վրաստանը»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը մոտ ապագայում՝ առավել ևս այս տարի դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը, ըստ վերլուծաբանի, Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ, եթե իրադարձություններն անցանկալի սցենարով զարգանան։
«Եթե խոսքն ընթացիկ տարվա մասին է, ապա նման որոշումը ոչ մի կերպ չի ամրապնդի Հայաստանի բանակցային դիրքերը, այլ հակառակը։ Հետեւաբար, Հայաստանը կսառեցնի շփումները, ինչպես դա անում է։ Նման պահվածքը ազդանշան կլինի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են ավելի վատթարանալ, եթե Մոսկվան կտրուկ քայլեր ձեռնարկի»,- նշել է նա։
Եթե Հայաստանի ղեկավարության նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն ու սահմանին հայկական բանակի հնարավոր կորուստները նվազեցնել է, ապա այս տարի ավելի լավ է դեռ մնալ ՀԱՊԿ-ում, կարծում է Օրրը։
«Stratfor»-ի վերլուծաբանը կարծում է, որ առաջիկա 3-5 հինգ տարում իրադարձությունները կզարգանան հենց այս հունով (Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ուղղությամբ - խմբ.)։
«Ուկրաինայում իրադարձությունների ելքից շատ բան է կախված։ Ռուսական ռեսուրսներն այժմ առավելագույնս կենտրոնացած են ուկրաինական պատերազմի վրա, ուստի Ռուսաստանի հնարավորությունները Հարավային Կովկասում առաջիկա 3-5 տարում կախված կլինեն նրանից, թե որքանով նրանք կկարողանան պահպանել դեմքն Ուկրաինայում և սառեցնել հակամարտությունը իրենց համար ձեռնտու պայմաններով։ Եթե իրադարձությունները զարգանան անսպասելի սցենարով, դա կարող է կա՛մ արագացնել, կա՛մ դանդաղեցնել վերը նշված գործընթացները»,- հավելել է փորձագետը:
Օրրն ընդգծել է, որ ամեն դեպքում, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կշարունակի նվազել։











