Երևանն ուզում է փոքր քայլերով վստահության մթնոլորտ ստեղծել Բաքվի հետ, և Տավուշում սահմանազատման գործընթացը համապատասխանում է այդ տրամաբանությանը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի հեռանում Հայաստանի օկուպացված տարածքներից, օրինակ` նաև Ջերմուկից, և ինչու է որոշվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից։

«Վստահությունը բաղկացած է փոքր քայլերից, այսինքն` որքանով է քո խոստումը դառնում վստահելի մյուս կողմի համար, և նույնն էլ հակառակը։ Որոշ ուժեր փորձում են միջամտել այս գործընթացին և վիժեցնել այն։ Մենք միանշանակ պետք է ունենանք փոխընդունելի սահմաններ։ Սահմանազատումն էլ պետք է իրականացվի իրավականորեն հիմնավորված ձևով` հիմք ընդունելով ՀՀ խորհրդային սոցիալիստական հանրապետության վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզման օրը»,– նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` փոքր քայլերի միջոցով փոխադարձ վստահությունը շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ դարակազմիկ որոշումներ կայացնելը։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` պետք է փորձել գտնել այն հատվածները (սահմանները), որտեղ կարելի է հասնել կոնսենսուսի և շարունակել առաջ շարժվել, քանի որ իրական քաղաքականությունը հենց դրա վրա է կառուցվում։

Վարդանյանը վստահեցրեց` որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել Հայաստանի Հանրապետության տարածք։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:

Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։