Ռուսաստանում նախընտրական կրքերը թեժանում են բառիս բուն իմաստով։ Իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախընտրական տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը, որը կարող է հավակնել «աշխարհի ամենասեքսուալ նախընտրական տեսահոլովակ» մրցանակին, եթե մի օր նման անվանակարգ հայտարարվի։ Երիտասարդ աղջիկը գալիս է ընտրատեղամաս, վերցնում է քվեաթերթիկը, ճանապարհին հանդիպում է երիտասարդի, որը նրան դուր է գալիս, ու, քանի որ ընտրատեղամասում միակ առանձնացված վայրը քվեախուցն է, այնտեղ էլ հենց առանձնանում են, որտեղ նաեւ իրականացնում են քվեարկության գործընթացը։ Հատկանշական է, որ նրանք միասին են քվեատուփի մեջ նետում քվեաթերթիկները։ Տեսահոլովակը արդեն բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ այն քարոզում է ընտրական օրենքի խախտում։ Ըստ օրենքի՝ մեկից ավելի մարդ չի կարող միաժամանակ մուտք գործել քվեախցիկ, ինչպես նաեւ քվեատուփին միաժամանակ կարող է մոտենալ միայն մեկ հոգի, եւ մեկ քվեաթերթիկ գցել այնտեղ։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության անդամ Գենադի Գուդկովը։ «Եդինայա Ռոսիան մոռացել է, որ ՌԴ օրենքով, քվեարկությունը գաղտնի է իրականացվում, եւ քվեախուց չեն կարող միանգամից մի քանի հոգի մուտք գործել»,- ասել է նա։

Մի խոսքով անհասկանալի է, թե ի՞նչ է հստակ քարոզում տեսահոլովակը։ Դեկտեմբերի 4-ին գնալ ընտրությա՞ն, թե՝ դեկտեմբերի 4-ին գնալ ...։ Իսկ եթե սեքսով զբաղվելու քարոզչություն է, ապա ինչո՞ւ հենց ընտրատեղամասում, ու հենց ընտրության պահին։

Նշենք, որ տեսահոլովակին լայնորեն անդրադարձել են արեւմտյան լրատվամիջոցները։ Նրանք դրական են գնահատում ռուսների հումորը եւ կրքոտությունը, սակայն նշում են, որ ի տարբերություն քարոզչական սեքսուալ տեսահոլովակներ նկարահանած իսպանացիների եւ լեհերի, այս տեսահոլովակում քարոզվում է նաեւ օրենքի բացահայտ խախտում։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ։  

Հիշեցնենք, որ Հայաստանում եւս առաջիկայում ընտրություններ են նախատեսվում։ Այս կոնտեքստում հետաքրքիր կլիներ իմանալ հայաստանյան քաղաքական ուժերի քարոզչական տեսահոլովակների բովանդակությունը։