Ցավալի է, որ ականազերծման աշխատանքներ իրականացնելիս թուրքի առաջ ճանապարհը բացելու համար հայ զինվոր է վիրավորվել: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Սոլակ գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այսօր Կիրանց գյուղի հատվածում ականազերծման աշխատանքներ իրականցնելիս ականի պայթյունից զինծառայող էր վիրավորվել:
Անդրադառնալով Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնության տարածած հայտարարությանն, այն մասին, որ սոցցանցերում տարածվում են բռնության հետ կապված շարժման հետ առնչություն չունեցող տեղեկություններ, Սուրեն Պետրոսյանն ասաց, որ իրենց օրակարգը հաշտության մասին է, և այն մարդը, որը ինչ-որ չափով բռնության կոչի հետ կապ կունենա, իրենց հետ աղերս չունի, և պետք է հեռացվի իրենց շարքերից:
«Նման հայտարություններ տարածողներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, որովհետև այդտեղ արդեն տեռորիստական բնույթ կա»,-հավելեց նա: Անդրադառնալով իր անվան շուրջ տարածվող խոսակցություններին, Սուրեն Պետրոսյանն ասաց, որ ամիսներ առաջ իրեն ներկայացնում էին որպես Արևմուտքի գործակալ, իսկ հիմա՝ որպես «5-րդ շարասյան» գործակալ․ «Կարծում եմ ՝ ժամանակի ընթացքում կկողմնորոշվեն:
Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ էն մարդկանց, ովքեր դեմ են միակողմանի հանձման գործընթացին, ասում են Կրեմլի գործակալ, իսկ էն մարդկանց, ովքեր միակողմանի հանձնում են, սակարկում են երկրի ինքնիշխանությունը, ասում են ինքնիշխանության մարտիկ: Ես տրամաբանությունը չեմ հասկանում»։











