«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ մետրոյով գնում է Նժդեհի հրապարակ։ Նա պատրաստվում է այնտեղ հանդիպել քաղաքացիներին, իր կոչը հղել նրանց՝ միանալ շարժմանը։
Մինչև այս Սրբազանը Ժուռնալիստների միությունում էր։ Նա պատասխանել է նաև լրագրողներին հուզող հարցերին։ Ավելի վաղ Սրբազանը ԵՊՀ–ում էր, նրան դիմավորել էին էին շուրջպարով։ Սրբազանն ուսանողներին կոչ էր արել միանալ շարժմանը և չենթարկվել բուհերի ռեկտորների ճնշումներին։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:
Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։
Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:
Ըստ ոստիկանության տվյալների, ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի:











