Լքելով Իտալիայի վարչապետի պաշտոնը` Սիլվիո Բեռլուսկոնին կրկին որոշել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ:
Կառավարության նախկին ղեկավարը նախկինում քանիցս գանգատվել էր, որ երաժշտությամբ զբաղվելու ժամանակ չի մնում: Այժմ նա մտադիր է թողարկել իր երգերի եւ բալլադների հավաքածուն`«Ճշմարիտ սեր» անվանումով, հաղորդում է «Вести.ру»-ն: Հավաքածուն կթողարկվի նոյեմբերի 22-ին:
Ավելի վաղ ասվել էր, որ Բեռլուսկոնին «Ճշմարիտ սեր» ալբոմը կթողարկի սեպտեմբերին: Ալբոմի բոլոր 11 երգերի հեղինակը Սիլվիո Բեռլուսկոնին է, կատարում է նեապոլիտանացի երգիչ Մարիանո Ապիսելան, որը վերջին տարիներին դարձել է 75-ամյա քաղաքական գործչի եւ միլիարդատերի անձնական կատարողը:
Սակայն Սիլվիո Բեռլուսկոնին որոշել էր, որ քանի որ տասնյակ միլիոնավոր իտալացիներ իր հանդեպ ոչ մի սենտիմենտալ զգացմունք չեն տածում, հարմար ժամանակը չէ իր երգերի համար: Իսկ այժմ, ըստ նրա, ամենահարմար ժամանակն է:
Երիտասարդ տարիքում Բեռլուսկոնին գումար է վաստակել զբոսաշրջիկների համար երգելով:











