Երեւանի քաղաքապետարանում, այսօր` նոյեմբերի 18-ին, կայացել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնակալման արարողությունը:
Պաշտոնակալման արարողությունից հետո, Երեւանի քաղաքապետի ավանդական լանջաշղթան Տարոն Մարգարյանին է հանձնել Ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:
Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունից հետո ելույթ են ունեցել Արարատյան հայրապետայան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտոնակալման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության, Երեւանի ավագանու անդամներ, հայտնի մտավորականներ:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի վերջին հրաժարական տվեց: Տարոն Մարգարյանը դարձել է Երեւանի 54-րդ քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երեւանում, մտավորականի ընտանիքում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան եւ ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից ՀՀԿ անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998 թվականից ղեկավարում է ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգեւատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացիի մեդալով,
ՀՀ Ազգային ժովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Երեւանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով եւ «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով,
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
«Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ երեք որդի:











