Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր` նոյեմբերի 20 -ին, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումները նոր թափով են վերսկսել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակի տարածքում փողոցային մարտեր են տեղի ունենում: Հարյուրավոր մարդիկ քարեր են նետում ոստիկանների վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները Զինված ուժերի գերագույն խորհրդից պահանջում են սահմանել իշախնությունը ռազմական վարչակազմից քազաքացիական կառավարությանը փոխանցելու ճշգրիտ ժամկետը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով` նոյեմբերի 18-ից սկսված բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 50 հազ. մարդ:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նախօրեին հրապարակի տարածքում տեղի էին ունեցել 2011թ. փետրվարին իշխանափոխությունից հետո ամենադաժան բախումները:
Ցուցարարները փորձել էին մուտք գործել Եգիպտոսի ՆԳՆ, սակայն նրանց առջախաղացումը կասեցվել էր: Մարդկանց ցրելու ժամանակ կիրառվել էր արցունքաբեր գազ, եղել են ձերբակալվածներ, տուժել է ավելի քան 700 ցուցարար եւ ոստիկանության 40 աշխատակից: Երկու մարդ զոհվել է:
Բողոքի ակցիաների մասնակիցների թվում են իսլամիստներ, որոնք դժգոհ են Սահմանադրական խարտիայի նախագծից, որը հիմք է լինելու Եգիպտոսի հիմնական օրենքի համար:











