Մեջների սևամորթը պարոն Խաչատրյանն է, դա էլ հավանաբար, շնորհակալություն է՝ իր եղբորը ՍԴ անդամ դարձնելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն էլ, ինչպես իրավապահ մարմինների մյուս ղեկավարները, չի գնացել ու չի  պատասխանել պատգամավորների հարցերին:

Ագնեսա Խամոյանի հարցից հետո, ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Վլադիմիր Վարդանյանը պատգամավորին հորդորեց էթիկայի շրջանակներում մնալ:

«Պարո՛ն Այվազյան, դուք կասե՛ք, որ պարոն Քյարամյանը զբաղված է, գերծանրաբեռնված է: Ինչո՞վ: Ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելո՞վ,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, և հավելեց, որ վերջերս ուսումնասիրել է ՔԿ-ի պաշտոնական էջը և դուրս հանել մամուլի 19 հայտարարություն, որոնք վերաբերում են ցույցերի մասնակիցների գործողությունների հետևանքով հարուցված գործերին:

«Ինձ մոտ տպավորություն է, թե գործ չի հարուցվել միայն ակցիայի մասնակցի կողմից որևէ ոստիկանի՝ թարս հայացք նետելու համար: Միայն նման մամուլի հաղորդագրություն չտեսա, դա էլ հավանաբար, խիստ ծանրաբեռնվածության արդյունքն է»,-ասաց պատգամավորը:

«Ամբողջ աշխարհն է տեսել, թե ոնց են ոստիկանները պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա «ոհմակով հարձակվում»:  Բա էդ գործողությունն ի՞նչ է, երբ 60 հոգով հարձակվում են մեկի վրա,-ասաց Ագնեսա Խամոյանը, ինչին ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ոստիկաններին  ոհմակ անվանելը վիրավորական է: Օրինակ, պատկերացրեք, եթե ես ասեի ընդդիմադիրների ոհմակ»: Պատգամավորի խոսքով, Դատախազություն հաղորդում է ներկայացվել, սակայն որևէ տեղեկատվություն քրեական գործի մասին չկա:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը պատգամավորի հարցադրումներին ի պատասխան ասաց, որ Արգիշտի Քյարամյանի այցը նախատեսվում էր, սակայն զբաղվածության պատճառով չստացվեց:

«Ինչ վերաբերում է քրեական գործեր կարելուն, Քննչական կոմիտեում քրեական գործեր չեն կարվում, նախաձեռնվում են քրեական վարույթներ: Եթե կա դժգոհող կողմ, մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս բողոքարկելու տարբեր ատյաններ՝ մինչև դատարան»,-հավելեց նա:

«Երկու տարի առաջ դեպք տեղի ունեցավ մեր գործընկերոջ հետո: Տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում, բռնություն գործադրում Լևոն Քոչարյանի նկատմամբ: Բայց հետո, ինչ-որ հրաշքով, երկու օրում, երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա գործ հարուցվեց, Լևոն Քոչարյանին ձերբակալեցին, կալանքի տարան: Այդ ամենը երկու օրում: Հիմա գրեթե մի շաբաթ է անցել, ամբողջ աշխարհը տեսել է, թե ոնց են ոստիկանները խոշտանգում, հայհոյում ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, սակայն Քննչական կոմիտեն ոչինչ չի անում»,- արձագանքեց Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ մնում է այն կարծիքին, որ «Քննչական կոմիտեն զբաղված է ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելով»: