«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասարակությանը տանում է պառակտման, ոչ թե միավորման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Նա վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի քննարկում և երբեք չի քննարկել այս շարժումը։
Նրա գնահատմամբ՝ շարժման կողմից առաջադրված պահանջներն անհիմն են և ոչ լեգիտիմ, այս կամ այն հարցում հստակ դիրքորոշում չկա։
«Բագրատ Գալստանյանին միացած ուժերը տարբեր հայտարարություններ են անում թե՛ սահմանազատման, թե՛ իշխանությունների հրաժարականի վերաբերյալ։ Ոմանք կողմ են արտահերթ ընտրություններին, մյուսները՝ դեմ։ Ասում են, որ նրանք, ովքեր իրենց հետ չեն, հայ չեն կամ սատանիստ են։ Առավոտյան ինչ-որ հայտարարություններ են անում, իսկ երեկոյան հերքում են դրանք»,- հավելեց Մինասյանը։
Նրա գնահատմամբ՝ 2018 թվականին քաղաքում սեր էր տիրում, սակայն այժմ «խեղդող» մթնոլորտ է։











