Այսօր գնացել էի հեծանիվի խանութ, ուզում էի ինձ համար հեծանիվ առնել, քաղաքով երկար քայլել եմ, երկու խանութ եմ գնացել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է վերջին անգամ փողոց դուրս եկել:

«Նաեւ կարող է վարչապետի հետ քշեմ, բայց ես վաղուց էի սիրում: Ես ավելի ոչ սպորտային եմ սիրում»,-ասաց նա:

Հարցին՝ վարչապետի քայլից հետո ձեր մեջ արթնացավ սեր հեծանիվի նկատմա՞մբ, նա արձագանքեց. «Ես միշտ եմ սիրել, բայց ինչու ոչ, նաեւ դա է պատճառը: Աշխատանքի հեծանիվով չեմ գնա, բայց երեկոյան կքշեմ»:

Ալեն Սիմոնյանը հիշեց, որ Վարշավայի օդանավակայանում եւս շատ երկար շփվել է հայերի հետ, որոնք Հայաստան էին վերադառնում:

Դիտարկմանը, որ գուցե գալիս են ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չգիտեմ, եթե ինձ պաչում էին, հետս նկարվում էին, հետո գալիս էին միտինգի էին մասնակցում, շատ տարօրինակ կլիներ դա»: