Շարժման այս փուլում հանրային կոնսոլիդացիան պետք է վերածվի քաղաքական կապիտալի: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Ես կարծում եմ՝ կարելի է արձանագրել, որ Սրբազան շարժումը մինչև գոնե այս փուլը հաջողված է: Հաջողության կարևորագույն հիմքն այն է, որ Բագրատ Սրբազանին հաջողվեց կոնսոլիդացնել հանրությունը: Սա այս պահի դրությամբ ամենամեծ ձեռքբերումն է: Այն միտինգները, որոնց ականատես ենք մենք, այն երթերը, այն աջակցությունը, որ նա ունի տարբեր մարզերում և հանրության տարբեր շերտերի կողմից, խոսում է վստահության մասին: Բագրատ Սրբազանին հաջողվեց դա: Մի բան, ինչը ցավոք, ոչ ոքի չէր հաջողվել 2018 թվականից հետո»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Անդրադառնալով շարժման հետագա ընթացքին, ԽոսրովՀարությունյանը նշեց, որ Բագրատ Սրբազանի հնչեցրած բարոյախրատական խոսքը շատ օգտակար և անհրաժեշտ է, բայց բավարար չէ:

«Շարժման այս փուլում հանրային կոնսոլիդացիան պետք է վերածվի քաղաքական կապիտալի: Սա նշաանկում է, որ հարթակից մենք պետք է լսենք ոչ միայն բարոյախրատական խոսք, այլև քաղաքական կոնտենտ: Պետք  է շարադրեն այն թեզերը, որոնց իրականացմանը այս շարժումը պետք է հետամուտ լինի, որպեսզի այն սպառնալիքները, որոնք ձևավորվել են հայոց պետականության, սահմանների անձեռնամխելիության տեսանկյունից կամ մեղմվեն, կամ նման սպառնալիքների ձևավորման գործընթացը դանդաղեցվի, եթե ոչ բեկվի: Սրանք շատ կարևոր խնդիրներ են»,-ասաց նա և հավելեց, որ  շարժման հիմնական նպատակը իշխանափոխությունը չէ, այլ  պետականության գահավիժման գործընթացը կասեցնելը և բեկելը:

«Այն սպառնալիքները, որոնք ձևավորվում են գործող իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում, պետք է մեղմվեն կամ չեզոքացվեն: Իշխանափոխությունը այդ նպատակին հասնելու քայլերից մեկն է: Մենք պետք է այլևս լսենք քաղաքական թեզեր»,-նշեց Խոսրով Հարությունյանը: