Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, տանք իրենց՝ անհնար է: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում, որոնք կորցրել են ամեն ինչ։
«ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար։ Բիզնեսի աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք։
Ցավոք սրտի, մեր պետության հնարավորությունները սուղ են, և հավասար մրցակցության և հնարավորությունների քաղաքականության համադրության արդյունքում, թերևս, մեր առաջարկն է ԼՂ գործարարներին՝ օգտվել առկա առաջարկներից»,-ասաց նա։
Գևորգ Պապոյանն ընդգծեց՝ եթե ունեն բիզնես գաղափարներ՝ պատրաստ է ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող են անել. «Մեր երկրի տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը՝ 2022թ աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է երրորդը, 2023թ-ին չորրորդը: Աշխարհի զարգացած երկրներում 100,000 փախստականի դեպքում, միշտ հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ, բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել»,- ասաց նախարարը:











