Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սա, ըստ նրա, եղել է Ռուսաստանի ընտրությունը։

«Հենց Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Ի դեպ, նրանք դեռ լիովին չեն կատարել այն, ինչ նախատեսված էր պայմանագրերով։ Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի խնդիրների պայմաններում, երբ նրանք (ՌԴ ներկայացուցիչները. խմբ.) պարբերաբար բողոքում են, որ Հայաստանը զենք է գնում այլ երկրներից, այնուամենայնիվ, չեն շարունակում մատակարարումներն այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2021-2022 թվականներին»,– ասաց Գրիգորյանը։

Թե ինչպես են զարգանալու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգային ոլորտում՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ դա կախված է, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն։

Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորում մատակարարումներ չիրականացնելը՝ նա ասաց, որ Հայաստանը բացատրություններ է լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։

«Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք՝ մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։

Նշենք, որ 2022 թվականից հայկական կողմը Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ։ Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2024 թվականի հունվարին հայտարարեց, որ Ռուսաստանից սպառազինության գնման հետ կապված հիմնական հարցերը լուծված են։

Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանը սպառազինություն ու ռազմական տեխնիկա չի մատակարարել ըստ պայմանագրի, որի շրջանակում գումարներ են փոխանցվել: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չէր նշվում։ Որոշ տվյալներով՝ խոսքը 250 մլն դոլարի մասին է, այլ տվյալներով՝ մոտ 400 մլն դոլարի։