ՀՀԿ-ում հերթական աշխատանքային քննարկման ընթացքում, որը գլխավորել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որեւէ արտառոց, մասնավորպես հանրությանը հետաքրքրող կադրային հարցեր չեն քննարկվել: Այս մասին, այսօր` նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում աշխատանքային քննարկման ավարտից հետո տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնի համար թեկնածության քննարկմանը, Շարմազանովը նշեց, որ այդ հարցը քննարկվելու պարագայում հավելյալ կտեղեկացվի:
Լրագրողների հիշեցմանը, թե վաղը ՀԱԿ-ն իր հրավիրած հանրահավաքում ներկայացնելու է Սերժ Սարգսյանի իմպիչմենտի` պաշտոնանկության հռչակագիրը, նա արձագանքեց, որ դա ընդդիմության խնդիրն է: Ավելին, ըստ նրա ընդդիմության բան ու գործը պետք է կայանա նրանում, որ քննադատի իշխանություններին հատկապես, երբ առջեւում խորհրդարանական ընտրություններն են:
ՀՀԿ մամուլի քարտուղարի ներկայացմամբ, սա նոր երեւույթ չէ, քանի որ 4 տարի է, ընդդիմությունը իմպիչմենտի պահանջ է ներկայացնում ու արտահերթ ընտրությունների մասին խոսում: «Բայց տեսնում ենք, որ ընդդիմության որեւէ քաղաքական կանխատեսում չիրականացավ»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է մինչեւ տարեվերջ ՀՀԿ-ի համագումար հրավիրելու հավանականությանը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են եւ երբ դրանք ավարտվեն, համագումարը կհրավիրվի:











