Թե Հայաստանի, թե Ռուսաստանի կողմից քաղաքական նորմերն ու ցենզը անցնող հայտարարություններ են հնչում, ինչը լավ բան չէ. բարեկրթության ցենզն անցնում են, եւ սա երկու կողմերից է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Եթե դա ինչ-որ ժամանակ պահպանվում է, դա ֆոն է ստեղծում եւ գործողություններ են լինում: Եթե այդ գործողությունները մտնեն տնտեսական դաշտ, վատ կարող է լինել: Հայաստանի էներգետիկ ամբողջ համակարգը կախված է Ռուսաստանից, ես դեռ չեմ ասում, որ մեր աշխատանքային միգրացիան հիմնականում Ռուսաստան է, որովհետեւ այնտեղ մեր աշխատուժը ավելի հեշտ է գտնում աշխատանք, քան եթե գնար Եվրոպա:

Դա արկածախնդրություն է, եթե դու այդ կարեւոր գործոնները հաշվի չես առնում: Եթե դրանք սոսկ հայտարարություններ են, դա էլ վնասում է մեր իմիջին, որովհետեւ այդպիսի հայտարարությունները դառնում են անլուրջ»,-ասաց նա:

Վարդան Արամյանի խոսքով, մենք այսօր ունենք 11,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. «Սա մեր պոտենցիալից բարձր է, որովհետեւ մենք վերջին տարիներին օտարերկրյա ներդրումների աճ չենք ունեցել, իսկ ներքին ներդրումների մեծ մասն էլ գնացել է բնակարանաշինության ոլորտ: Դա արդյունավետություն չունի: Մեր տնտեսական աճի հիմքերը կայուն չեն եւ մենք կարող ենք ունենալ գործազրկության կտրուկ աճ, ինչպես դա եղավ 2009-ին:

Մեզ մոտ արտահանելի ոլորտը խեղդվում է, գնալով ջարդվում է տնտեսության ողնաշարը: Չի կարող ոչ արտահանելի հատվածով տնտեսական աճի մոդելը լինի հարատեւ, դա հնարավոր չէ, ինչ-որ ժամանակ դա կանգ է առնում, եւ դրանից հետո փխուզվում են տնտեսության հենքերը»,- ընդգծեց նախկին նախարարը: