Այո, երբ սփյուռքում միջոցառում է կազմակերպվում, տեղի թեմի առաջնորդները, հոգևորականները հրավիրվում են: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Միշտ էլ դա այդպես է լինում»,-նշեց նա։
Հացին՝ ինչո՞վ է պայմանավորված սփյուռքում գործող իշխանության վարկանիշի նվազումը՝ Սինանյանը պատասխանեց.«Ես ձեր այդ որակումն արհամարհելու եմ որպես իրականությանը չհամապատասխանող բան։ Ձեր որակավորումն ինձ համար զրոյական նշանակություն ունի։
Այդպես չէ։ Միշտ էլ Սփյուռքում եղել է դժգոհություն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Դա շարունակվում է նաև հիմա։ Դուք ուզում եք սենսացիոն բաներ լսեք։ Մարդիկ դժգոհում են, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի։ Մենք այս պահին կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն այսօր զրկվել են իրենց պատմական հայրենիքից։ Մեր՝ մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է Արցախում»։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Դուք ասում եք պատմական հայրենիք է, նա արձագանքեց. « Մի րոպե, պատմական հայրենիքն ի՞նչ կապ ունի ադմինիստրատիվ տարածքի հետ։ Բա դուք չգիտեի՞ք, որ Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում է գտնվում Արցախը: Դա այդ մարդկանց պատմական հայրենիքն է, մարդիկ այդտեղ են ապրել: Մուշը, օրինակ, իմ պապիկի ծննդավայրն է, պատմական հայրենիք է ինձ համար, բայց ՀՀ սահմանում չի գտնվում: Ես ձեզ Մուշի օրինակն եմ բերում, որ Արցախը հասկանաք»:
Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց՝ Ռուսաստա՞նը, նախկիննե՞րը, թե Արցախի իշխանությունը, Սինանյանը նշեց, թե մենք ազգովի չպատրաստվեցինք Արցախը պաշտպանելու համար. «Մենք 94 թվականից հետո ունեինք բացառիկ հնարավորություն մեր այդ ձեռքբերումը պաշտպանելու, չարվեց: Դրա հետ մեկտեղ չկարողացանք ստեղծել այն դիվանագիտական համակարգը, հարաբերությունների ամբողջ կոմպլեքսը, որ մեզ հնարավորություն կտար ապահովել որոշ երկրների աջակցությունն այդ հարցում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ մենք ասելով ում նկատի ունեք, նա ասաց՝ հայ ազգը:
Դիտրակմանը՝ ձեր իշխանությունն է Արցախը համարել Ադրբեջանի մաս, մինչ այդ բոլորը Արցախը համարել են Հայաստանի անբաժանելի մաս, նա արձագանքեց. «Համարե՞լ, անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք: Ի՞նչ են արել այդ ուղղությամբ»:











