Կահիրեում հաճախացել են օտարերկրացի կանանց բռնաբարելու դեպքերը, ինչի կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել ժամանակավորապես  դադարեցնել Եգիպտոս կին լրագրողներ ուղարկելը:

Այսպես, The Guardian-ը գրում է, որ Կահիրեում, նոյեմբերի 24-ին, բռնաբարել են ամերիկյան լրագրողուհի Մոնա ատ Թահավիին: Նրան բռնել են Թահրիրի հրապարակում եւ տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ պահել են 12 ժամ: Ազատվելուց հետո 44-ամյա կինը հայտնել է, որ իրեն տանջել եւ բռնաբարել են:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ ֆրանսիացի լրագրողուհի Քարոլին Սինզը եւս սեռական հարձակման է ենթարկվել:  Լրագրողուհին եւ օպերատորը` Մուհամեդ Մահմուդին փողոցում սյուժե նկարահանելիս են եղել, երբ նրանց վրա հարձակվել են 14-15 տարեկան պատանիներ: Քարոլինին օպերատորից հեռացրել են եւ սկսել ծեծել:  Այնուհետեւ դեռահասներին միացել են հասուն տղամարդիկ, ովքեր մերկացրել են կնոջը: Որոշ ժամանակ անց հաջողվել է կնոջը խլել հարձակվողների ձեռքից: Ֆրանսիական հեռուստաալիքի օպերատորին եւս ծեծել են: Լրագրողուհին հասել է հյուրանոց, կանչել բուժաշխատողների եւ ֆրանսիական դեսպանության ներկայացուցիչների:

NEWSru Israel-ը եգիպտական հեռուստատեսության ցուցադրած` Թահրիրի հրապարակի 2011թ. նոյեմբերի 24-ի կադրերն է ներկայացնում, որոնցում երեւում է Քարոլին Սինզը: