Դեռ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը մեծ վերադարձի ծրագրի մասին խոսեց, որով նախատեսվում էր Արցախից գրաված տարածքներում ադրբեջանցիների բնակեցում և ենթակառուցվածքների կառուցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«2023-ին Արցախի վերջնական հայաթափումից հետո այս ծրագիրը, հավանաբար, կվերանայվի, լուրջ  գումարներ կներդրվեն բնակցենելու համար: Ճիշտ է՝ թվերն այս պահին տպավորիչ չեն, բայց որքանով ես եմ հետեւում իրենց քաղաքականությունը, տեսնում ենք, որ լուրջ աշխատանք է տարվում թե բնակարանների պլանավորման, թե ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Նաեւ լուրջ ճանապարհաշինական, հիդրոշինարարական եւ այլ աշխատանքներ են կատարվում Արցախի տարածքում: Դա իրատեսական է այնքանով, որքանով հեռուսրսները հերիքում են: Եթե մեզ հաջողվել էր ԼՂԻՄ-ից դուրս տարածքներում 20-30 հազար մարդ բնակեցնել, ապա ինչո՞ւ Ադրբեջանին չի հաջողվելու դա անել ավելի մեծ ռեսուրսներով»,-ասաց նա:

Խանումյանի խոսքով, այստեղ խնդիրն ուրիշ է. արդյոք այդ մարդիկ գնալով Արցախի տարածք, թիրախ չեն դառնում ապագա մեծ կոնֆլիկտների համար. «Ես կարծում եմ, որ անկախ զարգացումներից դա պետք է լինի, որովհետեւ տարածաշրջանում տեղի ունեցող մեծ տերությունների վարած քաղաքականությունները ենթադրում են տարածաշրջանը բերում են բախման հարթակ: Վերջերս ԱՄՆ փոխպետքարտուղարի այցելեց Հայաստան եւ Ադրբեջան, նա ասաց, որ իրենց նպատակը Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցությունից հանելն է, Ադրբեջանում խոսել է նաեւ Չինաստանի ազդեցությունից հանելու մասին: Հայաստանի անունից նույնիսկ Ադրբեջանին խոստացավ, որ Հայաստանը պատրաստ է խիզախ զիջումների՝ Միջին միջանցքի հարավային ուղղությունը գործարկելու համար: Սա նշանակում է, որ տարածաշրջանը մտնում է գերտերությունների հակամարտությունների դաշտ եւ կարող է դառնալ թատերաբեմ ավելի մեծ պատերազմների համար»,-ասաց Խանումյանը: