Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կարող է վերջ տալ տասնամյակներ տեւած հակամարտությունը։ Այս մասին հուլիսի 10-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ պատասխանելով NEWS.am -ի թղթակցի հարցին։
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են հաշտեցմանն ուղղված բանակցությունները։ Փաուերը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Հայաստանին օգտվել պատմական այս պահից։ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել Հայաստանին ամրապնդել ժողովրդավարությունը և հասնել խաղաղության Ադրբեջանի հետ։ Ես այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորություն ունի հասնելու բարգավաճման, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ վաղուց երազել են: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին առավելագույնս օգտագործելու այս հնարավորությունների պատուհանը»,- հավելեց USAID-ի ղեկավարը:
Փաուերը նշել է, որ խաղաղության օգուտները զգալի կլինեն նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ «Ըստ վերջին հարցման՝ այնտեղ նույնպես լայն աջակցություն կա խաղաղության օրակարգին։ Մենք կոչ ենք անում մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել և հարգել բանտարկյալների իրավունքները Ադրբեջանում»,- նշել է նա։
Նրա խոսքով, 2018 թվականից հետո, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և պահանջեց փոփոխություններ, Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել, խորացրել է ժողովրդավարական բարեփոխումները.
որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել և ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնարին էին։
Միաժամանակ, նա մատնանշեց, որ աշխարհը ժողովրդավարության ոլորտում հետընթաց է ապրում, ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, իսկ քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի է հաճախ է ճնշումների ենթարկվում։











