Իրանի քաղաքականությունը ռազմավարական իմաստով նախագահական ընտրություններից հետո չի փոխվի։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա կարծում է, որ իմաստ չունի փոխել ռազմավարությունը, որն աշխատում է․ «Տարածաշրջանի շուրջ առճակատում է լինելու, այստեղ վերջնական սահմաններ չեն գծվել, և այս առումով պատկերը դեռ պարզ չի դարձել։ Այս առումով Իրանը և մյուս տերությունները կցանկանան իրենց խոսքն ասել»,- ասաց Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ իրանցիները կշարունակեն պայքարել տարածաշրջանում իրենց հակառակորդների ներկայության դեմ։
Փորձագետի կարծիքով, ընտրությունների արդյունքները Հայաստանի հետ կապված գլոբալ փոփոխությունների չեն հանգեցնի. Այս քաղաքականությունն արտահայտվում է Հայաստանի մասին հայտարարություններում, որոնք հատկապես հաճախ են հնչում վերջին տարիներին։
«Նա իրանցի ադրբեջանցի է (նկատի ունի Մասուդ Պեզեշկիանին - խմբ.), առաջին հերթին՝ իրանցի։ Իրանը ոչ թե էթնիկ պետություն է, այլ բազմազգ կայսրություն։ Չպետք է մոռանալ, որ Գերագույն առաջնորդի հայրը նույնպես էթնիկ ադրբեջանցի է եղել, բայց դա չի խանգարում նրան կայսերական քաղաքականությամբ զբաղվել»,- նշել է նա։
Վերլուծաբանը հավելեց, որ Իրանի և Ադրբեջանի հակասությունները էթնիկական բնույթ չեն կրում։
«Ներկայիս Ադրբեջանը եղել է Իրանի մաս, և Թեհրանը հասկանում է, որ ցանկանում են իր դեմ հանել այս նախկին տարածքը։ Իսրայելը և այլ երկրներ փորձել են և փորձելու են ռազմական գործողություններ հրահրել Ադրբեջանի և Իրանի միջև, սակայն վերջինս հակված է տարածքներ գրավել ոչ թե ռազմական ճանապարհով, այլ «փափուկ ուժի» միջոցով։ Ուստի ավելի հավանական է, որ իրանական Ադրբեջանը կլանի Ադրբեջան պետությունը, քան հակառակը»,- եզրափակեց Կիվիրյանը։











