«Ես 2000-ից ակտիվ քաղաքականության մեջ եմ, եւ չեմ հիշում որեւէ ընտրություն, որից առաջ իշխանությունները չհայտարարեն ազատ, թափանցիկ ու աննախադեպ ընտրություններ կազմակերպելու մասին»,-այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահաքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, հավելելով, որ ներկա իշխանությունները երբեք էլ օրիգինալ չեն եղել:

«Մտածում են, թե մեկ-երկու վարկաբեկված գործչի հեռացնելով, մի քանի պոպուլիստական հայտարարություն անելով կգնան ժողովրդի մոտ, կստանան ձայները: Հասնում է ընտրարշավի շրջանը, ու տեսնում են, որ իրենց հանդիպումներին ոչ ոք չի գալիս առանց պարտադրանքի: Սրանից զայրանում են, չեն ներում ժողովրդին ու վրեժով են լցվում: Ու ընտրության օրը փորձում են վրեժը լուծել ժողովրդից: Էսպես է եղել միշտ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Ես համոզված եմ, որ այս փոքրիկ երկրում մարդն արժանի է ավելի լավ կյանքի, ու չպիտի հեռանա օտար ափեր` մի կտոր հաց վաստակելու համար: Մենք մեր համախմբվածությամբ, մեր ուժով հասնելու ենք դրան:

Հարգում են ու օգնում են միայն ուժեղին: Խեղճին չեն օգնում, որովհետեւ չգիտեն, օգնելուց հետո էդ խեղճության հետ ինչ պիտի անեն: Մենք խեղճ չենք մեր երկրում ու հասնելու ենք մեր ուզածին»,- ընդգծեց նա:

Այնուհետեւ ելույթ ունեցավ նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ով նշեց. «Դժվար չէ ենթադրել, թե ինչ է սպասվում, եթե կատարվեն վարչախմբի մտահղացումները: Խորանալու է բարոյական անկումը, դեգրադացիան ավելի է խորանալու: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, պետք է հեռացնենք այս վարչախմբին` նախադրյալներ ստեղծելով իրական զարգացումների համար: Փոփոխությունները այլընտրանք չունեն»: