Բրիտանական դատարանը «անկողնուն գամված հաշմանդամին» բանտարկել է այն բանից հետո, երբ դատարանին տեսանյութ են ցույց տվել, որում նա պարում է հարսանիքի ընթացքում: Նրան դատապարտել են ազատազրկման 6 տարի, 11 ամիս ժամկետով:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ 37-ամյա Մուհամեդ Բուզալիմը, ընդհանուր հաշվով, 10 տարվա ընթացքում պետությունից շուրջ 400 հազար եվրո հաշմանդամության թոշակ է ստացել:

Դատարանը զրոյացրել է նաեւ նրա քաղաքական փախստականի կարգավիճակը, քանի որ պարզվել է, որ իրականում դատապարտյալն ամենեւին էլ աֆղանացի չէ, որին, ինչպես ինքն էր ներկայացրել, խոշտանգել են թալիբները, այլ` մարոկկացի:

Բուզալիմը Լոնդոն է ժամանել 2001թ. եւ ներկայացել իբրեւ աֆղանացի, որին տանջել են թալիբները: Բայց ըստ սահմանային ծառայության` նա ապօրինի կերպով ներգաղթել է հյուսիսային Աֆրիկայից:

Հաջորդ մեկ տասնամյակի ընթացքում, օգտագործելով զանազան կեղծ փաստաթղթեր, նա տարբեր սոցիալական նպաստներ եւ օգնություն է ստացել: Մեքենայության սխեման այնքան անթերի է աշխատել, որ մի քանի տարի շարունակ Բուզալիմը ամենամյա նպաստ է ստացել, դրան զուգահեռ մագիստրոսի աստիճան է ստացել եւ սկսել է ուսանել Լոնդոնի կենտրոնում գտնվող բրիտանական հայտնի բուհերից մեկի` Աֆրիկայի եւ Արեւելքի ուսումնասիրման դպրոցի դոկտորանտուրայում:

Քանի որ նա վարպետորեն հաշմանդամ էր ձեւացել, իշխանությունները նրան երեքսենյականոց բնակարան էին հատկացրել Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում: Բնակարանն առաջին հարկում էր եւ հաշմանդամական սայլակի համար նախատեսված հատուկ հարթակ ուներ:

Սակայն հետաքննության ընթացքում ոստիկանները, թաքնված տեսախցիկ օգտագործելով, նկարահանել են, թե ինչպես է Բուզալիմը, առանց կողմնակի օգնության դուրս գալիս բնակարանից եւ ինքնուրույն քայլում փողոցում:

Բնակարանը խուզարկելու ընթացքում նրանք նաեւ տեսաերիզ են հայտնաբերել, որտեղ «անդամալույծը» 2009թ. Մարոկկոյում պարում է սեփական հարսանիքում: