Տպավորությունն այնպիսին է, որ բայդենի վարչակազմին ամեն գնով հարկավոր է որեւէ հաղթանակի օրինակ, որեւէ հաղթական հաջողված միջնորդության օրինակ, որ իրենք կարող են օգտագործել ԱՄՆ-ում ընթացող քարոզարշավի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը, թե Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան:

«Քանի որ աշխարհագրական այլ տարածաշրջանում այդպիսի օրինակ չունի ԱՄՆ ադմինիստրացիան, կարծես քավության նոխազը դարձել ենք մենք: Տպավորություն է, որ անկախ ամեն ինչից պետք  այդ ստորագրված թուղթը եւ այդ պատկերը, որ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի ֆոնին, գուցե հենց Բայդենի ֆոնին ստորագրում են այդ փաստաթուղթը: Ու կապ չունի, թե այդ փաստաթղթում ինչ է գրված, որքան են ոտնահարված  մեր շահերը:

Փոխզիջումը լավ բան է, բայց ո՞վ է տեսել փոխզիջում Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որտե՞ղ է Ադրբեջանի զիջումը, ի՞նչ է զիջել այս ընթացքում»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ սա բանակցային գործընթաց չի, այլ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է:

«Ամոթ է այն աշխարհաքաղաքական դերակատարին, որը քավորություն է ստանձնելու այդ կապիտուլյացիայի: Սա բանակցային գործընթացի միջնորդություն չէ, սա խաղաղության գործընթացի միջնորդություն չէ: Սա ՀՀ կապիտուլյացիայի քավորություն է, որը կարող կարճաշամկետշահերի համար օգտակար լինել, բայց ես վստահ եմ, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությամբ եւ խաղաղությամբ հետաքրքրված դերակատարների համար սա մի բան է, որ ամենեւին հարկավոր չէ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է շտապում Հայաստանը այս հարցում, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Տպավորություն է, որ ՀՀ գործող վարչախումբն է,՝ վախեցած, որ աշխարհում կարող է իրավիճակ փոխվել, վախեցած, որ Հայաստանի համար նոր հնարավորություններ կարող են ստեղծվել, կամ Ադրբեջանի համար նոր կապանքներ կարող են առաջանալ, շտապում է մինչ այդ ավարտել հանձնման գործընթացը: Հիմա Հայաստանի բանակցողը նման է թակարդն ընկած գազանի, որ անկանոն շարժումներ է անում եւ միայն վնասում է իրեն: Մեր գլխավոր բանակցողը բնազդային մակարդակի վաղ ունի Ադրբեջանից, որեւէ կերպով մեր բանակցային թիմը ներկայացնողները չեն պատկերացնում ինչպես կարող է Ադրբջանից կամ Թուրքիայից լինեն պահանջներ, որոնց իրենք դիմակայում են: Ընդհանրապես չեն հասկանում, որ այո, թեկուզ մենք պարտված ենք, բայց ամեն ինչ չէ, որ պետք է զիջենք»: