Երբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը խոսում է փոխադարձ ծանր փոխզիջումների մասին, մենք ըստ էության պետք է հասկանանք, որ Հայաստանը կրկին կանգնած է  իրենց համար շատ կարեւոր, իսկ մեզ համար շատ ցավալի զիջման առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Կարծում եմ՝ կրկին խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է եւ ամերիկյան կողմը կարծես թե շտապողականություն է դրսեւորում: Դա կախված է Հայաստանում ավելի քան «կոմպլեմենտար»  իշխանության առկայությամբ, որը հլու-հնազանդ պահանջներ է կատարում: Փաստորեն Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարելու գնով ԱՄՆ-ն ձգտում է շատ արագ հասնել խաղաղության պայմանագրի կնքման, որի նպատակը մինչեւ նոյեմբերի ընտրությունները  դեմոկրատների դիրքերը ամրապնդելն է:

Դեմոկրատներն ուզում են ունենալ ծանրակշիռ հաղթանակներ ցանկացած գնով, եւ եթե ՀՀ-ում կա «համագործակցող» իշխանություն, ապա ԱՄՆ-ի վարչակարգը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում ստիպելու վարքագիծ է դրսեւորում: Սա էր երեկ ուշ երեկոյան պետքարտուղարության խոսնակի «հավասարակշռված» ուղերձը կողմերին՝ մոտ ապագայում ցավալի փոխզիջումներ կատարելու հետ կապված: Դա միմիայն զիջում է Հայաստանի կողմից»,-ասաց նա: