Պատրանք է մոտեցումը, որ գործընթացները գնում են այնպիսի սցենարով, որ այսօրվա իշխանություններին հաջողվում է ձեռք բերել որոշակի փոքրիկ  փոխզիջումային առավելություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Նման բան չկա, դրանք իլյուզիա են, ներքին լսարանին ներկայացվող ձեւ են: Մենք նույնիսկ չենք կարող գնահատել, թե ինչի մասին է խոսքը: Ժամանակին խոսքը Մեղրիի երկաթգծի բացման մասին էր, որ Հայաստանը պետք է կառուցեր: Նաեւ ժամանակլին խոսում էին 7 հանգույցների մասին, 4-ը  դեպի Թուրքիա գնացող, երեքը՝ դեպի Ադրբեջան գնացող: Այսօր ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ իշխանությունները հանրային քննարկում չեն անում:

Ես միայն գիտեմ, որ Զանգեզուրի միջանցք կոչեցյալը Չինաստանից Եվրոպա գնացող միջին միջանցքի մի կտոր է: Եթե Հյուսիս-Հարավի դեպքում շահառուները Հնդկաստանն ու Ռուսաստանն են, որը կարող է անցնել Հայաստանով, ապա միջին միջանցքի շահառուները հակադրվում են Հնդկաստան-Ռուսաստան տանդեմին: Դա թուրքական աշխարհն է գումարած Չինաստանը;

Զանգեզուրի միջանցքը նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դեմ ուղղված աշխարհաքաղաքական խնդիր է լուծելու»,-ասաց նա:

 Անանյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները համագործակցելով Արեւմուտքի հետ, ըստ էության, գնում է Զանգեզուրի միջանցքը բացելու տխրահռչակ նախագծով: