Այսօր` նոյեմբերի 26-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 17-ի սահմաններում պայթել է Սարի թաղ կոչվող թաղամասի խմելու ջրի ջրագիծը, որի պատճառով ջուրը մեծ քանակությամբ մինչ այս պահը թափվում է ներքեւ` Դարպաս գյուղ տանող ճանապարհի վրա, իր հետ բերելով մեծ քանակությամբ հող ու ավազ, անանցանելի դարձնելով ճանապարհի այդ հատվածը:
Դեպքի վայրում վթարի զննություն էին իրականացնում Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ, ովքեր էլ խնդրի մասին ահազանգել են Լոռի Ջրմուղ կոյուղի ընկերություն եւ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժին, որոնք էլ պետք է իրականացնեն ինչպես վթարավերացման, այնպես էլ ճանապարհի մաքրման աշխատանքներ: Նշենք նաեւ, որ գիշերվանից մինչ այս պահը Վանաձորում շատ ցուրտ է, ինչն էլ բնակիչների պնդմամբ, սառեցրել ու վնասել է ջրագիծը:





Տեսանյութը` Շուշաննա Գրիգորյանի











