Չինաստանի կառավարությունը մշտապես խրախուսել է չինական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում։
Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը՝ պատասխանելով ՀՀ-ում չինական ներդրումների ծավալներին վերաբերող հարցին։
«Հայ-չինական հարաբերությունները տնտեսական և առևտրային ոլորտներում զարգանում են՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ Նույնիսկ համավարակի ժամանակ հարաբերությունները շարունակել են զարգանալ»,- ընդգծել է դիվանագետը։ Մինգը իբրև հաջողված ծրագիր մատնանշել է չինական ընկերությունների մասնակցությամբ Հյուսիս-Հարավ ծրագիրը, որի երրորդ փուլը ավարտվում է։
Մինգի կարծիքով, սակայն, աշխարհագրական հեռավորությունն ու միմյանց մասին գիտելիքների պակասն են պատճառը, որ ներդրումների ծավալն այնքան էլ մեծ չէ։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև, որ համավարակը տևել է երկու տարի, և ըստ առկա տեղեկությունների, վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել չինական խոշոր ձեռնարկությունները։
Խոսքը մասնավորապես, էներգիայի նոր աղբյուրների, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության մասին է։
Մինը վստահություն է հայտնելով, որ ուղիղ չվերթի ծրագրված բացումը կօգնի ակտիվացնել շփումները և մեծացնել չինական ընկերությունների ներկայացուցչությունը։ Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ հայկական ընկերություններն ավելի ներկայացված կլինեն չինական շուկայում, ինչի համար չինական կողմը համապատասխան ներդրումային պայմաններ կապահովի նրանց։











