Երեւանի Պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» սրահում այսօր, նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի 2011 թ. հոբելյանական 20-րդ առաջնության հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրության արարողությունը:

Հանդիսությունը սկսվեց Հայաստանի ֆուտզալի առաջնության ոսկե մեդալակրի՝ Երեւանի Շենգավիթի եւ Առաջին խմբում հաղթող ճանաչված Շենգավիթի ֆուտբոլիստների պարգեւատրմամբ։

«Արդար խաղ»-ի մրցանակներին Բարձրագույն խմբից արժանացավ Ուլիսը, իսկ Առաջին խմբից՝ Բանանց-2-ը։

Այնուհետեւ սկսվեց հանդիսության գլխավոր մասը՝ Հայաստանի Բարձրագույն խմբում մրցանակային տեղ գրաված ակումբների պարգեւատրումը։ Ֆուտբոլային տարվա ընթացքում, թիմերի կատարմամբ արձանագրված գեղեցիկ դրվագների ցուցադրումներից հետո, հերթականությամբ բեմ հրավիրեցին բրոնզե, արծաթե եւ ոսկե մեդալների արժանացած թիմերը՝ Գանձասարը, Փյունիկը եւ չեմպիոն Ուլիսը, որոնց մեդալներ հանձնեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Բեմ հրավիրվեց եւ մրցանակի արժանացավ նաեւ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն՝ Բանանցի հարձակվող Բրունո Կորեան, ով մրցաշրջանի ընթացքում, 16 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։

Ավանդույթի համաձայն, հանձնվեցին նաեւ հատուկ մրցանակներ։ «Զարգացման հայկական բանկ»-ի կողմից, «Ամենախոստումնալից ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Երեւանի Փյունիկի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ «Ֆուտբոլ +»-ի «Տարվա հայտնություն» մրցանակը բաժին հասավ Միկայի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանին, իսկ Totalfootball.am-ն իր մրցանակը հանձնեց Բրունո Կորեային, որն ամենաշատն է ընդգրկվել այդ կայքի կազմած տուրի խորհրդանշական հավաքականներում։

Հանդիսության վերջում, ամփոփիչ խոսքով հանդես եկավ եկավ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով մրցանակակիրներին շնորհավորելուց հետո, միջազգային մրցաշարերում հանդես եկող ակումբներին լավ նախապատրաստվելու կոչ արեց. «Սրտանց շնորհավորում եմ մրցանակային տեղ գրաված ակումբներին՝ Ուլիսին, Փյունիկին եւ Գանձասարին եւ հաջորդ տարի ցանկանում եմ նորանոր հաջողություններ ունենան, հատկապես եվրագավաթներում, որպեսզի քիչ թույլ տաք քննադատելու ինձ, քանի որ ձեր վատ խաղի արդյունքում, բոլոր մեղքերը բարդվում են ֆեդերացիայի նախագահի վրա։ Դրա համար բոլորիդ ցանկանում եմ, որ հաջորդ տարի լավ նախապատրաստվեք եւ ավելի շատ հաջողություններ ունենաք»։

Անդրադառնալով Հայաստանի առաջնությանը, ՀՖՖ-ի նախագահը նշեց, որ որակական առումով այն իրեն չի բավարարում եւ դիմել է ակումբների նախագահներին լինել ավելի հետեւողական. «Ինչ վերաբերում է այս տարվա առաջնությանը եւ իմ գնահատականներին, ապա ինձ՝ որպես ֆեդերացիայի նախագահի, չի բավարարում առաջնությունը։ Այո, առաջնությունն անցել է լարված՝ զուտ մրցանակային տեղերի առումով, մինչեւ վերջ լարվածությունը շարունակվում էր, բայց առաջնությունը դա այն որակը չէ, որը կարող է տալ մեր ֆուտբոլի զարգացմանը։ Որպես ֆեդերացիայի նախագահ ցանկանում եմ եւ բոլոր ակումբների նախագահներին կոչ եմ անում նաեւ, հետեւողական լինել եւ անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր մարզադաշտերը ազգային առաջնություններում էլ ապահովել երկրպագուներով»։

Հավելենք, որ Երեւանի Ուլիսն առաջին անգամ է հռչակվում երկրի չեմպիոն. տասը տարի շարունակ, ոսկե մեդալներ նվաճել էր Փյունիկը։