2020-ի դեկտեմբերից արդեն պարզ էր, թե դեպի ուր է գնալու եւ ինչ է պահանջելու Ալիեւը, եւ շատ տարօրինակ է, որ 4 տարի է՝ Ալիեւը խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, բայց մեր իշխանությունները կարծես անտեսում են, ասում են՝ այդպիսի խնդիր չկա, եթե իրենք խոսեն այդ մասին, մենք էլ կասենք, որ հյայերը պետք է վերադառնան Ադրբեջան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:
«Իրենք կասեն՝ հայերը թող վերադառնան, բայց հայ կլինի՞ վերադարձող: Իսկ ադրբեջանցիներ կլինեն, որոնց ինքը կուղարկի, գումարները կտա: Ալիեւին հիմա պետք է, որ այս իշխանությունները վերջակետը դնեն, իսկ վերջակետը իրենք այդպես են պատկերացնում, որ ոչ միայն տարածքները, ոչ միայն միջանցքը, այլ նաեւ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցումը: Այդպես է լինելու վերջակետը: Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե դա տեղի ունեցավ, երկու սերունդ հետո մենք նորից ունենալու ենք փոքրամասնություն, հետո հավասար մասեր, հետո ադրբեջանցիները մասնակցելու են մեր քաղաքական պրոցեսներին: Ինքը դրանից չի հրաժարվում, իսկ մեր բանակցողները մեզ փաստորեն խաբում են:
Ամեն անգամ ասում են՝ մոտ է խաղաղության պայմանագիրը, հեսա պետք է ստորագրենք, մնացել են փոքր տարաձայնություններ: Բայց դուք փոքր տարաձայնություն եք համարո՞ւմ, որ դուք պետք է ընդունեք «Արեւմտյան Ադրբեջան» օրակարգը»,-ասաց նա:











