Բրիտանական արքայազն Ուիլյամը մասնակցել է ռուսական Swanland բեռնանավի անձնակազմին փրկելու գործողություններին, որը խորտակվել է նոյեմբերի 27-ի գիշերը` Իռլանդական ծովում:
Associated Press-ը տեղեկացնում է, որ թագավորական ռազմաօդային ուժերում ծառայության մեջ գտնվող արքայազնը այն ուղղաթիռի օդաչուներից մեկն էր, որի միջոցով փրկարարական լաստի վրա գտնվող նավի անձնակազմի երկու անդամները ցամաք էին տեղափոխվել:
Բացի երկու փրկվածներից, փրկարարները հայտնաբերել են նաեւ մեկ զոհված նավաստու մարմինը: Swanland նավի անձնակազմի մնացած հինգ անդամների ճակատագիրն անհայտ է, հաղորդել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում:
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Քեմբրիջյան հերցոգ Ուիլյամին ռուս նավաստիներին փրկելու գործողություններին մասնակցելու համար: Նա արքայազնին նաեւ շնորհակալական նամակ է ուղարկել, որի տեքստը տեղադրված է դեսպանատան կայքում, գրում է «Газета.ru»-ն:
«Вести.Ru»-ն տեղեկացնում է, որ թագավորական ռազմաօդային ուժերի փրկարարական ծառայության ուղղաթիռի տեսախցիկի նկարահանած տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է հայտնաբերվել լաստը, որի վրա գտնվել են վթարից փրկված երկու նավաստիները` Ռոման Սավինը եւ Վիտալի Կորնենկոն:
Հիշեցնենք, Իռլանդական ծովում նոյեմբերի 27-ին խորտակվել էր ռուսական անձնակազմով Swanland նավը:
Բրիտանական ափային պաշտպանական ծառայության հրամանատարությունն այսօր պետք է որոշում կայացնի, թե որքանով է նպատակահարմար Ուելսի ափերում անհայտ կորած ռուս մնացած հինգ նավաստիների որոնումները շարունակելը: Այս մասին հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը` հղում անելով տեղական հեռուստատեսությանը: Եթե փրկարարները գան այն եզրահանգմանը, որ նավաստիներին գտնելու հնարավորություն կա, գործողությունները կշարունակվեն:











