Հայաստանի և Ռուսաստանի տնեսական հարաբերությունները կշարունակվեն, քանի դեռ շահավետ են, և քանի դեռ Ռուսաստանին պատժամիջոցների պայմաններում խողովակներ են անհրաժեշտ արտաքին աշխարհի հետ կապվելու համար։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք տնտեսական զարգացող հարաբերությունները կարող են սառեցվել հայ-ռուսական հարաբերություններում առկա քաղաքական ճգնաժամի հետևանքով։

Չնայած Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար մեղադրում է Ռուսաստանին դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին է հայտարարվել, սակայն տնտեսական ոլորտում կապերը, ընդհակառակը, ամրապնդվում են։ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ մտադրություն չի հայտնել. հատկապես ուկրաինական հակամարտությունից հետո մարդկային և ֆինանսական մեծածավալ ներհոսքը դրական ազդեցություն է ունենում տնտեսության վրա, իսկ Հայաստանը, ի թիվս ԵԱՏՄ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի և այլ երկրների ներառվել է Եվրոպայից ներկրվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու շղթայում։

Ավելին՝ նախորդ տարվա վիճակագրական տվյալներով՝ Հայաստան ներմուծումը 2022թ. համեմատ աճել է 40,2 տոկոսով՝ 8.8 միլիարդից հասնելով 12.3 միլիարդ դոլարի, արտահանումը՝ 55.3%-ով՝ 5.4 միլիարդից հասնելով 8.4 միլիարդ դոլարի։ Ավելին՝ մոտ 3 անգամ աճած արտահանման զգալի մասը բաժին է ընկնում ոսկուն ու ադամանդին։ Այսպես՝ 2023թ. Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) և Չինաստան (Հոնկոնգ) է արտահանվել 1.8 մլրդ դոլար արժողությամբ ոսկի և 589 մլն դոլարի ադամանդ։ Ընդ որում, արտահանման ռեկորդային աճը սկսել է նկատվել նախորդ տարեվերջին, երբ նույն ժամանակահատվածում ոսկու և ադամանդի՝ Ռուսաստանից ներկրման շեշտակի աճ է գրանցվել Եվրամիության կողմից դրանց ներմուծման էմբարգոյի հետևանքով։ Հետևաբար, Հայաստանից ոսկու և ադամանդի արտահանման շեշտակի աճը Ռուսաստանից այլ շուկաներ վերաարտահանման արդյունք է, և միտումը պահպանվում է նաև այս տարվա ընթացքում։  

Նախկին փոխվարչապետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը տնտեսական կապերի նմանատիպ ակտիվացում ունի նաև այլ երկրների հետ, և հարցը միայն հայ-ռուսական հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների հարթության մեջ չպետք է դիտարկել։

«Օրինակ՝ Բալթյան երկրների հետ հարաբերությունները չեն վերացել, կամ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ շատ ավելի մեծ քանակությամբ առևտուր է իրականացնում։ Եթե նայում եք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների կոդերին, Հայաստանն ամենաքիչն է դրանցում ներառված։ Այդ բազմազանության մեծ դեռևս տնտեսական տրամաբանությունը շարունակում է գործել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Թե որ պահից սկսած քաղաքական տրամաբանությունը կսկսի խոչընդոտել տնտեսական տրամաբանությանը, չեմ կարող ասել՝ դրա համար երկկողմ քաղաքական զարգացումների մասին հավելյալ տեղեկատվություն է պետք, որը ես չունեմ»,- նշում է Գաբրիելյանը։

Ռուսաստանի համար, նախկին փոխվարչապետի գնահատմամբ, ցանկալի չէ կորցնել արտաքին աշխարհին կապող ևս մեկ խողովակ, որոնք, ասում է, այդքան էլ շատ չեն, սակայն եթե իրավիճակ փոխվի, Մոսկվան, նրա կարծիքով, կարող է գնալ այդ քայլին։

«Ռուսաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ և չօգտվել Հայաստանի պես խողովակից՝ այո, կարող է։ Ո՞րը կլինի այն գիծը, որից անդին կընդունվի նման որոշում, եթե առհասարակ կընդունի նման որոշում՝ չեմ կարող ասել՝ սա խիստ քաղաքական հարց է, որին պատասխանելու համար պետք է տեղյակ լինել ներկա զարգացումներից»,- նկատում է Գաբրիելյանը։

Արդյո՞ք Արևմուտքի կողմից կլինեն ճնշումներ Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից ապրանքների վերաարտահանման շղթան կասեցնելու նպատակով։ Գաբրիելյանի խոսքով՝ նման ճնշումներ անպայման կլինեն և արդեն իսկ կան, բայց գլխավոր այս հարցում մասշտաբներն են։

«Նույն ապրանքատեսակները, որոնք զգայուն են համարվում, Ղրղզստանն ու Ղազախստանը մի քանի անգամ ավելի շատ են վերաարտահանում, ուստի Հայաստանը չի կարող առաջնահերթություն լինել պատժամիջոցների կիրառման տեսակետից, քանի որ Հայաստանի ազդեցությունն այդ շղթայում շատ ավելի փոքր է, քան, օրինակ, դաշինքի անդամ Թուրքիայինը։ Երբ խոսքը վերաբերում է ֆինանսական հոսքերին և միջազգային ֆինանսական համակարգին, ապա այս հարցում հնարավորությունները գնալով կսահմանափակվեն, բայց ապրանքաշրջանառության տեսանկյունից էական հետևանքներ չեմ տեսնում։ Ոչ թե այն պատճառով, որ դա հնարավոր չէ, այլ որովհետև թե մեր բանկերն են շատ զգուշավոր, թե տնտեսվարոները, և երկրորդը՝ Հայաստանը, ի տարբերություն մյուս երկրների, առաջնահերթ չէ Արևմուտքի համար այս հարցում»,- նշում է Գաբրիելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հայկ Սահակյան