Ցնցող շոու է կազմակերպել շվեյցարացի օդաչու եւ գյուտարար Իվ Ռոսսին, ում  «ռեակտիվ մարդ» են անվանել վտանգավոր հնարքների համար հայտնագործած ռեակտիվ թեւով կոստյումի համար:

Ռոսսին իր միաթեւով, երկու Albatros L-39C   կործանիչների ուղեկցությամբ,  թռիչք է իրագործել շվեյցարական Ալպերում, հաղորդում է The Daily Mail-ը: 1500 մետր բարձրությունից կատարված վտանգավոր թռիչքը տեւել է  10 րոպե:

Newsru.com-ը տեղեկացնում է, որ 53-ամյա Ռոսսին, նախքան գյուտարար դառնալը, 17 տարի շվեյցարական ռազմաօդային ուժերի օդաչու է եղել:  Այնուհետեւ նա տարվել է հատուկ ռեակտիվ կոստյումով թռչելու գաղափարով: Ռոսսիի պատվերով պատրաստվել է«միաթեւը» , որն ունի 4 շարժիչ:  Կարբոնից պատրաստված սարքը կարող է ավելի քան 300կմ/ժ արագություն զարգացնել:

2008թ. մայիսին Ռոսսին նմանատիպ փորձնական թռիչք էր իրագործել Ալպերում` 360կմ/ժ արագությամբ 12 րոպե մնալով օդում: Նույն թվականին նա հաջողությամբ  անցել էր Լա-Մանշի նեղուցը: Նա նաեւ ֆրանսիական Կալե ծովափնյա քաղաքի մերձակայքում 2500 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից թռիչք է իրագործել: