Կարծում եմ, որ մենք կարող էինք անել ամեն ինչ, որպեսզի ականատես չլինեինք Արցախի մեծ ողբերգությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Կարծում եմ՝ ցանկացած հայ գիտակից մարդ իսկապես ցավում է, որ տեղի ունեցած նման ողբերգություն, որովհետև իրականում մենք այսօր փաստացի չունենք Արցախ»,- նշեց քաղաքապետը։
Հարցին, թե այժմ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած Կապանը, քաղաքապետն ասաց․ «Արցախը և հատկապես Արցախ-Սյունիք համագործակցության և հարաբերությունների վերաբերյալ, որոնք որ եկել են դարերի խորքից, դրանք պատմական փաստեր են։ Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ կարծում եմ՝ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները կարծում եմ՝ Սյունիքի մարզի համար ավելացել են։ Ադրբեջանի դրոշները առկայությանն ականատեսն ենք 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո երբ մենք զիջեցինք ստրատեգիական բարձունքները, որոնք որ զբաղեցրել էինք Կապանի ինքնապաշտպանության ժամանակ, դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջապես հարևանությամբ»։











