Եթե ռուսական պետական կառույցը մասնավոր ընկերությունների համադրության արդյունքում կհանգի եզրակացության, որ հայկական կոնյակում կա խնդիր, այդ ժամանակ արժի տնտեսական և քաղաքական առումով քննարկում անել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հակակոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի եւ Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտությունում նշվել էր, թե Ռուսաստանյան խանութներում վաճառվող հայկական կոնյակների 90 տոկոսն «անվտանգ» չէ, արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ։

«Չեմ ուզում քաղաքական գնահատակ տալ, բայց հայ–ռուսական հարաբերություններում առնվազն էմոցիոնալ բարձր ֆոն կա։ Այս պայմաններում, բոլոր կողմերը, որոնք ակնհայտ տեսնում են, որ սխալ էմոցիաներ են գեներացվում, պետք է զսպեն այդ էմոցիաները և հնարավորություն ստեղծեն խնդիրը դիտարկել ավելի սառը, սթափ դաշտում։ Ռուսական մի ասոցիացիա գնացել, իրականացրել է ստուգումներ և իր հետազոտությունների արդյունքների մասին տեղեկատվություն է տրամադրել իր պետական կառույցներին»,–ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, դա պետական որևէ կառույցի հայտարարություն չէ. ռուսական ասոցիացիայի հայտարարություն է, և ամենայն հավանականությամբ, նրանք Հայաստանին չեն էլ դիմելու, դիմելու են իրենց պետական կառույցին։

«Հիմա ընդամենն ունենք մի կազմակերպության հայտարարություն, որին կա՛մ կարող ենք արժանահավատորեն մոտնալ, կա՛մ ոչ։ Ընդ որում, եթե արժանահավատորեն ենք վերաբերում, պետք է հասկանանք՝ մենք այդ խնդրին որքանո՞վ ենք առնչվում։ Պատկերացրեք՝ Հայաստանի որևէ գարեջրի գործարան հայտարարի, որ իրենց գործարանով գնացել,  ստուգել են կոնյակը։ Մենք ինչքանո՞վ լուրջ կվերաբերենք սրան։

Եկե՛ք, հենց հիմա դուրս գանք փողոց, տեսնենք՝ հայ սպառողների քանի՞ տոկոսն է համարում, որ մեր շուկայի բոլոր կոնյակները կոնյակի նման են։ Եկե՛ք գնանք խանութ, որտեղ 1800 դրամով 15 տարեկան կոնյակ են վաճառում։ Մեր սպառողներն էլ գիտեն, չէ՞, որ դա կոնյակ չի, ուղղակի սիրուն շիշ ա»,–հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Խոսելով այն մասին, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ առաջիկայում պետք է կոնյակի փորձանմուշներ ուղարկեն արևմտյան  երկրներ՝ հասկանալու համար կոնյակի որակը, Բաբկեն Պիպոյանն ասաց.

«Էկոնոմիկայի նախարարը խոսել է ամեն ինչից՝ բացի բուն խնդրից։ Ավելին ՝աղավաղում  է փաստերը, ասում է՝ բա եթե մեր կոնյակը խաղողի սպիրտից չէ, այդքան խաղողն ու՞ր է գնում։ Խոսում է ինչ–որ լաբորատար մեթոդներից։ Հայաստանում միշտ էլ եղել են լաբորատորյաներ, որոնք ինչ–որ մեթոդներով կարողանում են պարզել՝ կոնյակի սպիրտ է, թե՞ ոչ։ Գևորգ Պապոյանը պարզապես պետք  է ասեր ՝ գնահատական տալու բան չկա, ես նախարար եմ , ամոթ չի՞ ես մի հատ գարեջրի գործարանի հայտարարություն մեկնաբանեմ։ Պետք է ասեր՝ ուզու՞մ եք խոսենք կոնյակի խնդրից, խոսենք, բայց ոչ թե որովհետև մի հատ գարեջրի գործարան նման բան է ասել, այլ որովհետև դա մեր ամենօրյա աշխատանքն է»։