Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց միջանցքային տրամաբանության շրջանակում զիջել Հայաստանի տարածքի մի մասը Սյունիքում եւ փոխարենը ստացավ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացնելու իրավունք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա գնահատմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանին պետք էր այն բանի համար, որ դրա տակ կար աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի ղեկավարի (Ռուսաստանի նախագահի) ստորագրությունը, որը հետաքրքրված կլիներ ստորագրողների անփոխարինելիությամբ, այսինքն՝ իշխանությունում պետք է մնային նրանք, ովքեր ստորագրել էին այդ փաստաթուղթը։
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ մի քանի տարաշերտ «տերեր» ունի։ «Հիմա նա (Փաշինյանը- խմբ.) ասում է, որ անհրաժեշտություն չի տեսնում հետեւելու նոյեմբերի 9-ի հայտարարությանը, հորինել է «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը եւ փորձում է այն ավելի թանկ վաճառել թուրք-ադրբեջանական շահերին Արեւմուտքի միջնորդությամբ։ Այդ միջանցքը Սյունիքով պետք է Թուրքիային եւ Ադրբեջանին, որպեսզի վերջնականապես խեղդի Հայաստանին։ Մենք կարող ենք մի անգամ արթնանալ եւ լսել, որ Նիկոլը մեզ առաջարկում է փախստականի կարգավիճակ այս կամ այն երկրում, որը քիչ թե շատ նորմալ կվերաբերվի հայերին»,- նշել է Մկրտչյանը։
Նա ավելացրել է, որ 3-4 տարի ընդդիմությունը փորձում է հանրությանը համոզել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, եւ 2018թ. այսպես կոչված բեմականացված ժողովրդական ապստամբությունը իր հետ ոչ մի կապ չունի, սակայն շատերը դրան չէին հավատում։ «Մենք վաղուց ասում ենք, որ դա հեղաշրջում էր։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարտվելու մասին ասել է շատ ավելի հզոր ուժերի, քան Նիկոլ Փաշինյանն է։ Վերջինին Հայաստանում իշխանության են բերել մարդիկ, ովքեր արտահանում են իրենց դեմոկրատիան, իսկ այսօր գոհ են այն բանից, որ քաղաքացիների վրա նետվել են 35 լուսաաղմկային նռնակներ»,- ընդգծել է պատգամավորը։
Նա ընդունել է, որ Հայաստանի ընդդիմությունը ներկա պահին շարունակում է տանուլ տալ այդ արտաքին ուժերին։ «Ե՛վ Դիմադրության շարժման պայքարի ժամանակ, ե՛ւ «Հանուն հայրենիքի» շարժման պայքարի ժամանակ, եթե մասնակիցներից որեւէ մեկը դիմեր այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, ինչպես դա արեց Նիկոլ Փաշինյանը 2018թ.՝ ծախելով Հայաստանի շահերը, ապա կարելի կլիներ հասնել իշխանափոխության։ Եթե մենք այդ աջակցությունը խնդրեինք արտաքին ուժերից եւ պայմանավորվեինք ի հաշիվ Հայաստանի շահերի, մեզ կօգնեին եւ կսպառնային Նիկոլին ուժ չկիրառել քաղաքացիների հանդեպ»,- ամփոփել է Աննա Մկրտչյանը։











