Ամերիկյան Հենդերսոնվիլ քաղաքում 170-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել: Վթարի արդյունքում մահացել է 22-ամյա մի երիտասարդ, եւս 16-ը վնասվածքներ են ստացել: 

Վթարը տեղի է  ունեցել Վիետնամի Վետերանների բուլվարում, որը Հենդերսոնվիլը կապում է Interstate 65 դաշնային ավտոմայրուղուն եւ Նեշվիլ քաղաքին:

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ` խոշոր վթարը տեղի է ունեցել առավոտվա պիկ ժամի ընթացքում` մառախուղի եւ մերկասառույցի պատճառով:

Սկզբում ավտոմեքենաներից մեկի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ ընկել փոսը: Նրանից հետո ընթացող մեքենաները մառախուղի եւ մերկասառույցի պատճառով չեն կարողացել ժամանակին կանգ առնել եւ սկսել են հաջորդաբար բախվել միմյանց: Ավտոճանապարհը փակ է, տեղում աշխատում են փրկարարական խմբերը եւ ոստիկանությունը:

Վթարված մեքենաների թվում վառելիք տեղափոխող բեռնատար եւ դպրոցականների ավտոբուս կա, երեխաներից ոչ ոք չի տուժել: