Երեւանում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթը: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող CANDY խումբը, որը Մարզահամերգային համալիրի բեմում կատարեց Candy Music երգը: Վրացական խմբի անդամներից երգչուհիներից մեկը Աննա Խանչալյանն է: 

Քվեարկության արդյունքում Վրաստանը ստացավ 108 միավոր: Երկրորդ տեղում Նիդեռլանդների ներկայացուցիչն էր` 103 միավորով, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերում Բելառուսն ու Ռուսաստանն էին, որոնք ստացել էին 99 միավոր: Հայաստանը այս անգամ միայն 5-րդն էր:

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Դալիթան` Welcome to Armenia կատարմամբ:

Նշենք, որ Հայաստանի բնակիչներն իրավունք չունեին քվեարկել իրենց երկրի ներկայացուցչի օգտին: Քվեարկությունը սկսվեց մրցույթի վերջին եւ տեւեց ընդամենը 15 րոպե: Փոխվել էր քվեարկության արդյունքները հայտարարելու կարգը: Եթե նախկինում 1-6 միավորները ավտոմատ հայտնվում էին էկրանին, ապա այս անգամ բոլոր` 1-12 միավորները հայտարարեցին տվյալ երկրի ներկայացուցիչները:

Հաղթողը որոշվեց հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության միջոցով` 50-50 տոկոս համամասնությամբ:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցեցին 13 երկրներ` Ռուսաստանը, Լատվիան, Մոլդովան, Հայաստանը, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան, Նիդեռլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը, Բելգիան:

Շոուի ընթացքում ելույթ ունեցան հատուկ հյուրերը՝ շվեդ աստղ Մոլլի Սանդեն, Սիրուշոն ու Վլադիմիր Արզումանյանը: