Թուրքիան՝ անկախ Ադրբեջանից, ցանկացած պահի կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ելնելով իր շահերից։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Հայաստանը, ըստ նրա, պետք է ճանապարհ գտնի Թուրքիայի հետ պետական ​​հարաբերություններ հաստատելու համար։ «Առանց դրա Հայաստանն ապագա չունի»,- համոզմունք է հայտնել նա։

Գոչունյանը կարծում է, որ Թուրքիան իր հերթին ցանկանում է հնարավորինս հետաձգել այս գործընթացը և, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական ֆոնի ազդեցությունը, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում զգուշավոր է։ Նա հավելել է, որ այսօր նոր աշխարհակարգ է ձևավորվում, և Հարավային Կովկասը կրկին իրադարձությունների էպիկենտրոնում է։ Նրա համոզմամբ՝ 44-օրյա պատերազմն այս գործընթացում առաջին ծիծեռնակն էր:

«Հարավային Կովկասը միջազգային խաղացողների համար շատ լուրջ խաչմերուկ է, ուստի այժմ այստեղ ռազմական ուժ կիրառելու լավագույն ժամանակը չէ»,- ընդգծել է լրագրողը։ Նա միաժամանակ մատնանշել է բազմաթիվ տարաձայնություններ Ռուսաստանի և Թուրքիայի, Իրանի և Թուրքիայի միջև, ընդ որում՝ ոչ միայն Հարավային Կովկասում։