Տարածաշրջանի լրագրողների համար երրորդ սերնդի ամենագնաց GX 550 2024-ի կարողությունները բացահայտելու հնարավորություն էին ստեղծել Լեքսուս Եվրոպան և Լեքսուս Ղազախստանը։ Ղազախստանի արևմտյան հատվածում՝ Ակտաու քաղաքի մերձակայքում, Lexus GX 550-ը փորձարկելու համար կային բոլոր անհրաժեշտ պայմանները՝ քարքարոտ ու անհարթ ճանապահներ, լեռներ, կիրճեր, անանցանելի վայրեր։

Սակայն մինչև թեստ-դրայվը տեղի է ունեցել ամենագնացի թվային շնորհանդեսը։ Ներկայացվել է GX 550–ի երկու մոդիֆիկացիա՝ Luxury-ն ու Overtrail-ը։

Մոտ տասը տարվա ընդմիջումից հետո թողարկվել է ամբողջությամբ նոր ամենագնաց։ Փոխվել է ոչ միայն արտաքին տեսքը, այլև ամբողջ կառուցվածքը։ Նոր մոդելը ստեղծելիս համադրվել են անվտանգությունը, ապահովությունը, հարմարավետությունն ու շքեղությունը։ Մասնագետներն այս արտաճանապարհայինը համարում են կատարողականության ու կատարելության գագաթնակետ։

Lexus GX 550 2024-ը շատ արագ է, սակայն ամենամեծ արագության դեպքում անգամ պահպանում է կայունությունն ու հավասարակշռությունը։

Նոր Lexus GX 550-ը փորձարկելու համար լրագրողները պետք է վարեին 450 կիլոմետր։ Ասֆալտով ճանապարհն ամենակարճ հատվածն է եղել։ Հետո վարել են քանդած ասֆալտի վրայով, հաղթահարել կիրճեր, լեռներ, սարահարթեր, քարքարոտ վայրեր, ոլորապտույտ նեղ արահետներ, որտեղ տասնամյակներով մարդու ոտք անգամ չի դիպչել։ Ճանապարհին խոչընդոտների պակաս չկար, սակայն նոր ամենագնացը դրանք հաղթահարում էր հեշտությամբ։ Թեստ-դրայվի ընթացքում լրագրողները բացահայտում էին նաև Ղազախստանի պատմական ու տեսարժան վայրերը, անցնում քոչվորների հնագույն ուղիներով, Մետաքսի ճանապարհով։

Նոր մոդելը նախորդների համեմատ՝ գետնից ավելի բարձր է։ Տեսախցիկներն օգնում են վարորդին՝ ապահովում 360 աստիճան տեսանելիություն։ Սրահն ընդարձակ է, տեսադաշտն անհամեմատ մեծ։ GX 550 2024 -ն առաջին ամենագնացն է, որ ունի նստատեղի մերսման գործառույթ՝ կարգավորման հինգ ռեժիմով։ Առջևի հատվածում տեղադրված վանդակաճաղը շրջապատված է խիտ լուսարձակներով, որոնք բարելավում են ճանապարհի տեսանելիությունը մառախուղի, փոշու ժամանակ։

GX Overtrail-ի անվադողերը 33 դյույմանոց են, իսկ Luxury-ը և Luxury+-ն ունեն 22 դյույմանոց ալյումինե անիվներ։ Էլեկտրոնային դինամիկ կախոցների շնորհիվ նվազում է մեքենայի շրջվելու կամ գլորվելու հավանականությունը։ Անգամ ամենանհարթ ճանապարհին, երբ անիվները տարբեր հարթությունների վրա են, վարորդն ու ուղևորները մեքենայում չեն զգում թեքությունը։

Վարորդին օգնում է նաև էլեկտրական ղեկը։ Անվտանգության համապարփակ փաթեթը հայտնաբերում է մոտեցող հետիոտնին կամ մեքենան, զգուշացնում այդ մասին։ Հնարավոր բախման դեպքում ավտոմատ աշխատում է ղեկի և արգելակման օժանդակությունը: Համակարգը զգուշացնում է նաև երթևեկելի գոտուց դուրս գալու դեպքում։ Traffic Sign Assist-ը ճանաչում է անգամ ճանապարհային նշանները, արագության սահմանափակումները և այդ մասին հաղորդում էկրանին։ Սրանք նոր ամենագնացի առավելություններից ընդամենը մի քանիսն են։ Նոր Լեքսուսի նախագծողները վստահ են՝ ստեղծել են մոդել, որը կդառնա ճանապարհի ձեր ամենահուսալի ուղեկիցը։ Այն արդեն հնարավոր է գնել նաև Լեքսուս Երևանի սրահից։














