Չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսել Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա ընդգծեց՝ զինված ուժերն ընդունել են հարվածն ու հակահարված տվել, այսօր Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակվածներին։

«Նրանց շնորհիվ հնարավոր է եղել կանխել պատերազմի առավել աղետալի հետևանքները։ Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը: 2023 թվականին կատարվածը ես համարում եմ դրա հետևանքը»,-ասաց Շահրամանյանը:

Ինչ վերաբերում է պատերազմում պարտության մեղավորների մասին հարցին, Շահրամանյանն ասաց. «Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, գործել է ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները ու համապատասխան եզրակացություններ կանենք։

Հանձնաժողովի եզրակացությունն էլ կլինի հիմք մեզ համար, և ոչ միայն դա, մենք ունենք մեր կարծիքները, բայց  դրանց մասին կարելի է խոսել համապատասխան քրեական գործերի արդյունքների տեղեկանալով»,-ասաց Արցախի նախագահը՝ հավելելով, ոեր չի կարող քրեական գործերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ:

Դիտարկմանը, որ Նիկոլ փաշինյանը պարտության համար սխլաքներն իր կողմն է ուղղում, նշելով, որ նախկին իշխանությունների կողմից եք բերվել իշխանության, նա արձագանքեց. «Շատ բան է խոսվում, մնում է այդ խոսացածը հիմնավորվի»:

Նշենք, որ այսօր Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ։ Այնտեղ են նաև Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, բայց նրանք առանձին են հավաքվել։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք:

Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։

Պատերազմից 44 օր հետո, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները: Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։