Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ այստեղ ադրբեջանցիների վերաբնակեցման՝ Տիգրանաշենի հետ կապված, այդ երկու կետերով կա՞ որոշակի խոսակցություն:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նախքան վարչապետին ձայն տալը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես զարմանում եմ, որ որոշ պատգամավորներ 7-8 աթոռ էն կեղմ զրույց են վարում: Անհատապես անուններով կասեմ եւ նկատողություն կհայտարարեմ, վերջացրեք»:

Փաշինյանն արձագանքեց Գառնիկ Դանիելյանին. «Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ: ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է: Ես զարամանում եմ, որ այդ հարցերը տալիս եք, ձեզ թվո՞ւմ է սա միամիտների երեկո է։

Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ են կան: Դուք չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա: Բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում,  կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ  է: Եթե դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված է,  ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր,  ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն անընդհատ բերում  է Ադրբեջանի օրակարգերը. «Ասում եք՝ բա ինչո՞ւ չեք բարձրացնում ԼՂ բնակիչների վերադարձի հարցը,  առավոտից երեկո Ադրբեջանը խոսում է  Արևմտյան Ադրբեջանի մասին,  դուք դա չեք նկատո՞ւմ, շատ ուժեր Ադրբեջանում ուզում են, որ Հայաստան չլինի, է հետո՞, նորությո՞ւն է դա ձեզ համար:  Այդպիսի ուժեր արևելքում էլ կան, հյուսիսում էլ, արևմուտքում էլ կգտնվեն: 

Ես Ադրբեջանի խոսնակը չեմ,  գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ինչ է  ուզում Ադրբեջանը:  Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում,  եկել եմ ասեմ, թե ինչ է ուզում Հայաստանը եւ ինչ է անում»,- նշեց Փաշինյանը:

Գառնիկ Դանիելյանն արձագանքելով՝ ասաց. «Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տան այս հարցերը,  գնամ լրագրողին տա՞մ: Բա վարչապետ եք, ձեզ պետք է տան այդ հարցերը, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս: Ընդամենը 2 հարց եմ տվել»:

Կառավարության ղեկավարը նկատեց, որ  եթե խոսքը անկլավների մասին է, ապա այդ թեման միշտ եղել է ու կա․ «Մենք չենք կարող այդ թեմայից հրաժարվել, որովհետև մենք էլ ունենք Արծվաշեն։ Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է, ինչ հիմնավորված է՝ հիմնավորված է , ինչը՝ ոչ, ո՛չ։ Մենք ոչ լեգիտիմ ակնկալիք պետք է չունենանք»։