UWC Դիլիջան միջազգային դպրոցի 10 ամյակի առթիվ դպրոց էին վերադարձել նախկին սաները։ NEWS.am-ի հետ զրույցում ճապոնացի Կենտո Սուզուկին պատմել է, թե ինչպես է որոշել ընդունվել դպրոց․

«Ունեի կրթությունս շարունակելու 3 տարբերակ՝ Գերմանիա, Չինաստան և Հայաստան։ Մտածեցի՝ ոչինչ չգիտեմ Հայաստանի մասին, այդ պատճառով Հայաստանը նշեցի որպես առաջին ընտրություն և ընդունվեցի։ Երբ առաջին անգամ իմացա, որ գալիս եմ Հայաստան, անգամ տեղը ընկերներիս հետ դժվարությամբ գտանք»,-ասում է նա։

Դպրոցն ավարտելուց հետո Կենտոն որոշում է 1 տարի դադար վերցնել և մնալ Հայաստանում, նշում է՝ Հայաստանն իր երկրորդ տունն է․

«Դուդուկ գնեցի Վերնիսաժից, հպարտանում էի, որ դուդուկ ունեմ։ Բայց ինձ ասացին, որ դա շատ վատ դուդուկ է և նվիրեցին իսկականն ու տարան նվագել սովորելու։ Քանի որ դուդուկի ուսուցիչը անգելերն չգիտեր, ստիպված էի հայերեն սովորել։ Հրաշալի է, թե որքան բան գիտեն ու որքան են հայերը սիրում իրենց մշակույթն ու ավանդույթները»։

Դպրոցն ավարտելուց հետո Սուզուկին կրթությունը շարունակել է և ավարտել ԱՄՆ Բրաուն համալսարանը։

UWC Դիլիջանի նախկին սանը ջերմությամբ է հիշում դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին․

«Շատ ուրախ հիշողություններ ունեմ Ռուբեն Վարդանյանի հետ կապված։ Ցավալի է, որ նա չի կարող այսօր այստեղ գտնվել։ Այս դպրոցը ստեղծող ամենակարևոր մասիկներից մեկը բացակայում է։ Բայց կարծում եմ, որ նա այստեղ է բոլորիս սրտերում, բոլորը խոսում են նրա մասին, և ես ևս այսօր այստեղ եմ հետ բերելու նրա ոգին»։

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է UWC Դիլիջանի 10 ամյակը։ UWC Դիլիջանը Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges) միջազգային ցանցի 18 դպրոցներից մեկն է։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրել են բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը։

Տասնամյա գործունեության արդյունքում դպրոցն ունի 120 երկրից 917 շրջանավարտ, որոնց 98 տոկոսը կրթությունը շարունակել է աշխարհի լավագույն համալսարաններում։

Դպրոցն ունեցել է 160 հայ ուսանող, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 98 տոկոսը սովորել է հիմնադիր ընտանիքի կողմից տրամադրված կրթաթոշակով։

UWC Դիլիջանի ստեղծումով քաղաքում բացվել է 1700 ժամանակավոր և  շուրջ 300  մշտական աշխատատեղ, ակտիվացել զբոսաշրջային կյանքը։