Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այս մասին Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է. «Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին:

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»: