Իշխանությունները շատ են սիրում ասել, որ ընդդիմության փոխարեն մենք գործ ենք անում, թող անեն այդպիսի գործեր. Ի վերջո, դա ինքնաբացահայտման բավականին մեծ հնարավորություն է տալիս, որովհետեւ երբ մենք ենք խոսում այդ մասին, ասում են՝ դե ընդդիմությունն է, մեղադրում է մեզ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ  Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ դահլիճում Հովիկ Աղազարյան-Արգիշտի Քյարամյան բախմանը եւ հնչած հայտարարություններին՝ կապված կոմպրոմատների, կալանքը, որպես ճնշման միջոց օգտագործելուն:

«Լավ է, որ դա ներսից է բացահայտվում: Ինչ վերաբերում է միջադեպին, չէի էլ ուզենա անդրադառնա դրան, որովհետեւ տգեղ միջադեպ է: մեզ հաճախ մեղադրում են, ասում են՝ ընդդիմությունը ԱԺ դահլիճը վերածել  է չգիտեմ ինչի, մինչդեռ երեկվա բացահայտումը ցույց տվեց, որ այդ ամենն իրենց մեջ է նստած:

Ես, անկեղծ ասած, Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել: Բայց մյուս կողմից, ուզում եմ հասկանալ, այն, որ ընդդիմության պատգամավորներին անընդհատ պատի անկյուն են կանգնեցնում, եւ ասում են՝ այ դուք պետք է հարգանք ցուցաբերեք, իսկ կա՞ր այդ պատգամավորների կողմից հարգանքի որեւէ ցուցիչ ոչ թե անձի նկատմամբ, այլ պետական ինստիտուտի նկատմամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ իրավիճակը շիկացավ, բախվեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատեց ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:

Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Էս երկրի երեսին  մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եւ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք եւ այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»:

Քյարամյանն էլ ասաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»: Նա դիմեց Աղազարյանին՝ ասելով. «Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ»:

Աղազարյանն էլ բորբոքված արձագանքեց. «Պարոն Քյարամյան, ես չասացի՝ ինչու դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչեւ վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լեւոն Քոչարյանի՞ն:

Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա եւ թող գործը գնա դատարան: Հետեւաբար,  դուք, պարոն Քյարամյան, դուք ապացուցում եք իմ անհանգստությունը, որ դուք ճնշման միջոց եք օգտագործում կալանքը: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի: Ձեր թաղը չի էստեղ, էստեղ ԱԺ է: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»:

Աղազարյանը նաեւ «արա»-ով դիմեց Քյարամյանին, ինչն վերջինս արձագանքեց. «Ոտքից գլուխ «արա» ես»:

Հատկանշական է, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան շիկացավ, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների:

Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահը թեժ վեճի պահին Հովիկ Աղազարյանին հարցրել էր. «Խնդրում եմ նաև մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով»։

Հիշեցնենք՝ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նշվում է, որ չի բացառվում, որ այս գործով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի: