ՔՊ–ական նախկին պատգամավոր, այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ «ապաքաղաքական» պաշտոնյա է։ Այս մասին նա ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց։
Հարցին՝ արդյո՞ք չի խախտվում քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը, երբ ընտրություններից հետո օրինակ՝ հաղթում է ոչ իշխանական թեկնածու, իշխանությունը սկսում է ռեպրեսիաներ կիրառել այդ թեկնածուի նկատմամբ, Հովակիմյանն ասաց.
«Այդ երևույթն իմ տիրույթը չէ։ Ես այժմ որևէ քաղաքական ուժի անդամ չեմ հանդիսանում, այժմ ապաքաղաքական պաշտոն եմ զբաղեցնում։ Ընտրություններից հետո տեղի ունեցածն իմ պաշտոնի հետ կապ չունի»։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացից հետո քաղաքական դաշտում տեղի ունեցածը ԿԸՀ նախագահը չի կարող մեկնաբանել. «Եթե մեկնաբանեմ, ապա իմ քաղաքական զսպվածության պահանջը կխախտեմ։ Իմ մանդատը ապաքաղաքական է, ԿԸՀ նախագահը պարտավոր է քաղաքական հարցերում զսպվածություն ցուցաբերել»։
Անդրադառնալով օրենսդրական կարգավորմանը, որը քննարկվում է ԱԺ–ում, Հովակիմյանն ասաց. «Այս կարգավորումը նրա համար է, որ եթե լինի ռազմական կամ արտակարգ դրություն, եթե կա ընթացքի մեջ ընտրություն, ինչ պետք է տեղի ունենա այդ ընտրության հետ։ Այսինքն՝ եթե չկա ռազմական կամ արտակարգ դրություն, ոչինչ տեղի չի ունենում։ Այս խնդիրը գալիս է 2020 թվականի կորոնավիրուսով պայմանավորված, երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, կար հանաքվե, ՏԻՄ–երը նշանակված էին, արվել էին ծախսեր»։











