Մեր համաքաղաքացիներն արդեն դիմում են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ առաջարկող կազմակերպություններին, որպեսզի Ամանորի գիշերը նրանք ուրախացնեն իրենց եւ իրենց երեխաներին: NEWS.am-ի հարցումները այսպիսի ծառայություններ առաջարկող կազմակերպությունների շրջանում ցույց են տալիս, որ կան բազմաթիվ գրանցվողներ եւ օրվա որոշ ժամեր արդեն լրիվ զբաղված են:

Ովքե՞ր են Ձմեռ պապերը եւ Ձյունանուշները

Այսպես` Հայաստանում Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ են առաջարկում ինչպես տարբեր կազմակերպություններ, այնպես էլ զանազան անհատներ: Իսկ թե ովքեր են հանդես գալիս Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների դերում (երեխաների ականջներից եւ աչքերից հեռու- NEWS.am), ապա կազմակերպություններից մեզ հավաստիացրեցին, որ պրոֆեսիոնալ դերասաններ են, Թատերական ինստիտուտի ուսանողներ, մի խոսքով` «պատահական, փողոցից բերած մարդիկ չեն, լուրջ մարդիկ են»: Իհարկե, մենք չենք ուզում չհավատալ կազմակերպություններին, բայց արդեն փողոցներում կարելի է զանազան հայտարարություններ տեսնել այն մասին, որ պահանջվում են 16-35 տարեկան կանայք եւ 22-45 տարեկան տղամարդիկ` ամանորյա տոներին Ձմեռ պապ եւ Ձյունանուշ աշխատելու համար, դերասանական վարպետությունը ցանկալի է: Ինչեւէ, հուսանք, ամանորյա տոներին երեխաներին այցելող Ձմեռ պապերը եւ Ձյունանուշները այնքան պրոֆեսիոնալ կլինեն, որ նույնիսկ մեծահասակները կհավատան, որ նրանք իրական են եւ եկել են Լապլանդիայից:

Ձմեռ պապ- Ձյունանուշ ծառայությունների ոլորտում գնաճ չի արձանագրվել

Կազմակերպություններից NEWS.am-ին հայտնեցին, որ Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների աշխատանքն սկսվում է դեկտեմբերի կեսերից մինչեւ հունվարի կեսերը, չնայած աշխատակիցներից մեկի խոսքով, նախորդ տարի, նույնիսկ փետրվարի 14-ին են Ձմեռ պապ եւ Ձյունանուշ հրավիրել: Ըստ որում` ծառայությունների գները դեկտեմբերի 31-հունվարի 1-ն ավելի բարձր են, քան մինչ այդ: Բայց տարեցտարի, ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հավաստմամբ, այս շուկայում գնաճ չի նկատվում: Այսպես` «Your Holiday»-ում նախատոնական օրերին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայությունն արժե 25 հազար դրամ, իսկ Ամանորի գիշերը`  55 հազար դրամ: «Բում-բումիկում» նախատոնական օրերին Ձմեռ Պապի ծառայությունը 15 հազար դրամ է, իսկ Ձյունանուշիկինը`  5000 դրամ: Իսկ Ամանորի գիշերը նրանք  հիմնականում ռեստորանների համար են ծառայություններ մատուցում: «Happy day» փարթի շոփում Ձմեռ պապը եւ Ձյունանուշը միասին 20 հազար դրամ էր, ըստ որում` միայն Ձմեռ պապիկը 15 հազար դրամ է, իսկ Ձյունանուշիկը` 5000 դրամ: Ամանորի գիշերը երկուսը միասին 50 հազար դրամ է, միայն Ձմեռ պապը` 30 հազար, իսկ միայն Ձյունանուշ կանչելը` 20 հազար դրամ: «Երազանք թատերախումբում»  եւս Ամանորի նախօրեին ծառայությունները արժեն 20 հազար դրամ, իսկ Ամանորի գիշերը` 40 հազար դրամ:

Այդ գումարի դիմաց Ձմեռ պապը եւ Ձյունանուշը ժամանում են պատվիրատուի տուն, ունեն իրենց համերգային ծրագիրը, խաղերը, հաճախ նաեւ սիմվոլիկ նվերներ են տալիս, մի խոսքով` երգում, պարում, ուրախանում են եւ այդ ամենը տեւում է 20-60 րոպե:

Ձյունանուշին մենակ չեն ուղարկում, որովհետեւ վտանգավոր է

Մեր հարցումները ցույց տվեցին, որ Ձմեռ պապ կանչելն ավելի թանկ արժե, քան Ձյունանուշ կանչելը: «Բում-բումիկում» դա բացատրեցին այն հանգամանքով, որ ամանորյա ամբողջ ծրագիրը Ձմեռ պապն է անցկացնում: Մի շարք կազմակերպություններում էլ հայտնեցին, որ կան մարդիկ, ովքեր Ձյունանուշ չեն ուզում, միայն Ձմեռ պապ են ուզում:  Բայց եթե հանկարծ ինչ-որ մեկը սխալվի եւ միայն Ձյունանուշ կանչի, ապա հաստատ չեն ուղարկի, քանի որ, «Your Holiday»-ից Հայկի խոսքով, «դա վտանգավոր է»:

Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ առաջարկող «Շոկոլադ» սերվիսը եւս ի սկզբանե որոշել է ոչ մի պարագայում մենակ Ձյունանուշ չուղարկել: «Չենք կարող երաշխիք ունենալ, թե ինչ կամպանիա է, եւ այդ աղջիկը խնդիր կունենա՞, թե` ոչ: Սովորաբար Ամանորին գինովցած մարդիկ են, եւ թե ինչպես կլինի իրենց վերաբերմունքը ինչ-որ պահի, չես կարող իմանալ, հատկապես, որ Ձյունանուշները երիտասարդ աղջիկներ են: Իսկ Ձմեռ պապերի հետ ապահով է, նրանց պաշտպանող կլինի»,- ասաց «Շոկոլադ» սերվիսի աշխատակցուհին: Իսկ թե ինչով է պայմանավորված միայն Ձյունանուշ պատվիրելը, նա բացատրեց այն հանգամանքով, որ մարդիկ կան, որ ուզում են իրենց երեխային շնորհավորի Ձյունանուշը: «Բոլոր դեպքերում, ես դրան կասկածանքով եմ վերաբերում»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Ձյունանուշի նկատմամբ բռնության դեպքեր մեզանում դեռեւս չեն արձանագրվել, բայց դե, ինչպես ասում են, զգուշությունը լավ բան է: Հենց Ձյունանուշների «նոտայի» վրա էլ ընթերցողներին ենք առաջարկում այս երգը:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը