Հանցավորության աճի պատճառների մասին իշխանությունների փաստարկներն անհամոզիչ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Պատասխանելով երկրում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ օրերս ԱԺ-ում լսումների մասին հարցին, թե՝ իրեն և հասարակությանը հուզող հարցերի պատասխաններ ստացե՞լ են, պատգամավորը նշեց. «Պատասխաններ, իհարկե, չստացանք։ Նրանց ներկայացրած վիճակագրությունը հաստատում է հանցավորության կտրուկ աճը հանրապետությունում վերջին հինգ տարիներին։ Միևնույն ժամանակ, դրան զուգահեռ մենք բոլորս տեսնում ենք իրավապահ համակարգի ֆինանսավորման աճ։ Փորձում են ինչ-որ կերպ բացատրել հանցավորության կտրուկ աճը, բայց փաստարկները, մեղմ ասած, ոչ համոզիչ են»։

Պատգամավորը հիշեց Քննչական կոմիտեի և անձամբ կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փորձերը՝ Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիներին կապել հանցավորության աճի հետ. «Սա ցածր քայլ էր, որը կապ չուներ իրականության հետ»,- նշեց Քոչարյանը։

«Իմ հարցերի պատասխանները չստացա, թեև դրանք ուղղել եմ և՛ գլխավոր դատախազին, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարին։ Մի դեպքում խոսքը վերաբերում էր դատական համակարգին, երբ քաղաքական ընդդիմախոսների դատավարության նախագահ է նշանակվում քաղաքական անցյալ ունեցող դատավորը (նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով դատավորը՝ խմբ.)։ Քյարամյանին հարցրի իմ դեմ հարուցված գործերի մասին»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ խոսքը երկու դեպքի մասին է. անձամբ Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու և ոստիկանության կողմից բռնության դրվագի, երկրորդ դեպքում, չնայած մի քանի տեսագրությունների, չկա մեկ մեղադրյալ։

Հարցին, որ իրավապահները Լ. Քոչարյանի վրա հարձակման տեսագրությունը ապացույց չեն համարել, նա նշեց, որ նման հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում։ «Կան բազմաթիվ դեպքեր, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն։ Իսկ Արգիշտի Քյարամյանի պատասխանն ընդհանրապես չի կարելի պատասխան համարել»,- կարծում է Քոչարյանը։

Մեկնաբանելով Քննչական կոմիտեի ղեկավարի և պատգամավոր Հովիկ Ագազարյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որում շոշափվում էր անձամբ Լևոն Քոչարյանի անունը, պատգամավորը նշեց, որ մինչ այդ ինքը լքել էր դահլիճը և տեղի ունեցածը դիտել տեսագրությունով։ «Կարծում եմ՝ անունների հիշատակումը խոսում է նրանց վախերի մասին», ասաց նա։

Պատգամավորը գռեհիկ համարեց Քննչական կոմիտեի ղեկավարի պահվածքը խորհրդարանում։ Հարցին, թե ինչու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից շատերը նիստերին ներկա չէին, Լևոն Քոչարյանը նշեց, որ դրանով իրենք ցույց են տվել իրենց վերաբերմունքը։