Սահմանադրական դատարանի որոշումը ամոթալի է: Ցավով պետք է փաստել, որ ՀՀ Սահմանադրական դատարանում Ադրբեջանը մեծամասնություն ունի։

Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշման մասին է։ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ փաստացի իրավական ուժ չունեցող ճանաչեց Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը։

«Եթե նայենք, թե ինչ եղավ ՍԴ-ի հետ 2018-ից հետո, կտեսնենք, որ ՍԴ-ի կազմում մնացել է մեկ դատավոր։ Մնացածներին փոխարինել են։ ՍԴ-ի թուլացման վերջին ակորդը, եթե չեմ սխալվում, 2020 թվականի ամռանն էր, երբ ՍԴ-ի միջոցով երեք դատավորի պաշտոնից զրկեցին, ևս երեքի պաշտոնավարման ժամկետները կրճատվեցին։ Եթե ​​այս ամենը ժամանակին կասեցվեր, պատկերն այլ կլիներ, գուցե շատ ցավալի իրադարձություններ տեղի չունենային։ Այն ժամանակվա ընդդիմությունը կարող էր քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար։ Ի պատիվ «Բարգավաճ Հայաստանի»՝ հարցը Սահմանադրական դատարան ուղարկելու պահանջի տակ 26 ստորագրություն են դրել։ Ընդամենը մի ձայն էր պակասում:

Սպասվում էր, որ դա կլինի «Լուսավոր Հայաստանից»։ Չարեցին՝ անհեթեթ բացատրություն տալով։ Հիմա նույն մարդիկ չգիտես ինչեր են դուրս տալիս։ Դա ուղղակի անբարոյականություն է: Ինչ վերաբերում է բուն որոշմանը: Ձևակերպումներն աբսուրդի ժանրից են, դա անտրամաբանական է, հակաիրավական։ Այսինքն՝ խոսքը Անկախության հռչակագրի մասին է։ Դա Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական է։ Չի կարելի ժամանակ հետ տալ և փոխել երեխայի սեռը կամ նորածնի քաշը, ԴՆԹ-ն: Դա փորձում են անել՝ տարբեր զավեշտալի պատճառաբանություններ բերելով։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով»,- ընդգծել է Լևոն Քոչարյանը։